Ֆրանսիայի վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը Կորսիկա նամակ է ուղարկել՝ հասցեագրված Նապոլեոն Բոնապարտին, գրում է The Daily Telegraph-ը: Առկա տեղեկությունների համաձայն՝ ուղերձը հասել է կղզու մայրաքաղաք Այաչո դեկտեմբերի սկզբին:

Նամակն ուղարկվել է հազարավոր նման ուղերձների հետ միասին. դրանք ուղարկվել են վերջերս գրանցված ընկերությունների, որոնք ներկայցնում են ֆրանսիական փոքր բիզնեսը: Նապոլեոնին հասցեագրված ծանուցագիրը եկել է Սեն-Շարլ փողոցի վրա(Նապոլեոնը ծնվել ու ինը տարի ապրել է այստեղ) գտնվող Բոնապարտների տուն-թանգարանի հարեւանությամբ բնակվող բնակչի հասցեով, հաղորդում է Lenta.ru-ն:

Նամակը ստացողը, ում անունը չեն հայտնում, այն հետ է ուղարկել՝ ծրարի վրա գրելով, որ հասցեատերը վախճանվել է ու խորհուրդ է տվել նամակն ուղարկել սուրբ Պետրոսին: Երբ նամակը Ֆրանսիա է հասել, այն դուրս է հանվել փոստային համակարգից, քանի որ չի գտել իր հասցեատիրոջը:

Թե ինչպես է Նապոլեոնի անունը հայտնվել վիճակագրության ինստիտուտի համակարգում, հայտնի չէ: Ենթադրվում է, բյուրոյի աշխատակիցներից մեկը կատակով այն գրանցել է համակարգի տվյալների բազայում: