Թերթն անդրադարձել է հուլիսի 28-ին Մարտունու զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը թերթին հայտնել է, որ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, միջադեպի հետեւանքով զոհվել է 5 անձ՝ մի զինվոր ու չորս սպա: Ըստ այս դեռեւս չճշտված վարկածի, զինվորը պոստում քնած է եղեկ եւ 4 սպաները գալով պոստ ու նրան տեսնելով այդ վիճակում, արթնացրել են եւ սկսել են վիրավորել, արժանապատվությունը ոտնահարող արարքներ թույլ տալ, ինչի հետեւանքով զինծառայողը վերցրել է զենքը, եւ, գնդակահարել չորս սպաներին, ինքնանսպան է եղել: Մինչդեռ զոհվածներից մեկի՝ զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հայրը՝ Սարգիս Սարգսյանը, թերթին պատմել է, որ Աջափնյակի զինկոմիսարիատի աշխատակիցներն իրեն հայտնել են, որ միջադեպի հետեւանքով իր որդուց բացի զոհվել է եւս 5 հոգի՝ 1 սպա եւ 4 զինծառայող: Ըստ այդ վարկածի, այսինքն զինկոմիսարիատի աշխատակիցների պատմածի, դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ. զորամասի «բլինդաժում» զինծառայողների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերաճել է կռվի, զինծառայողներից մեկը, որը զորակոչված է եղել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի զինկոմիսարիատի կողմից, վերցրել է հրազենը, կրակ բացել ներկաների վրա, իսկ հետո ինքնասպան եղել:

Որդու հետ տեղի ունեցածի մասին Սարգիս Սարգսյաննն իմացել է երեկ՝ հուլիսի 29-ի առավոտյան՝ իր հարեւանից: Հարեւանը պատմել է, որ նախորդ օրը՝ գիշերվա ժամը 1-ի սահմաններում, շենքի բակ է եկել համազգեստավոր մարդկանց խումբ: Ավելի ուշ պարզվել է, որ նրանց մի մասը զինկոմիսարիատի, մյուս մասը՝ ոստիկանության աշխատակիցներ են: Կանգնած լինելով շենքի բակում՝ տեսել են հարեւանին,, հարցրել են, թե արդյոք նա ճանաչու՞մ է Անդրանիկ Սարգսյանի հորը՝ Սարգիս Սարգսյանին: Դրական պատասխան ստանալուց հետո նրան պատմել են, որ զինծառայողը մահացել է, առավոտյան պետք է գնալ Աջափնյակի վարչական շրջանի զինկոմիսարիատ, եւ հեռացել են: Այն ժամանակ երբ Սարգիս Սարգսյանն այցելել է զինկոմիսարիատ, որդու դիակն արդեն այնտեղ է եղել: «Դեմքն ամբողջովին ծեծված էր: Բաց վերքեր, փակ վերքեր, ամբողջովին ուռած, կապտած, բերանի հատվածում արյուն էր չորացած, ձեռքերը, ոտքերը կապտած էին, իսկ կրծքավանդակի հատվածում հրազենային երեք վնասվածք կար»,-թերթին պատմել է զինծառայողի հայրն ու ավելացրել, որ երբ զինկոմիսարիատի աշխատակիցներին հարցրել է, թե ինչո՞ւ է որդին այդ վիճակում, նրան պատասխանել են, որ դրա պատճառն այն է, որ մահվան պահից արդեն շատ ժամանակ է անցել: «Ինձ ասացին, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ ժամը 18:00-ին: Բայց հարցն այն է, որ 18:30-ին տղաս հեռախոսով խոսել է մոր հետ, մոր բջջային հեռախոսի վրա այդ ժամը ֆիքսված է»: Պատասխանելով հարցին, թե ինչը կարող էր միջադեպի պատճառ հանդիսանալ եւ արդյոք Անդրանիկ Սարգսյանը զորամասում խնդիրներ ունեցե՞լ է, թե ոչ, զոհվածի հայրը՝ Սարգսիս Սարգսյանը պատմել է, որ խնդիրներ եղել են, սակայն դրանք շտկվել են: «Մոտ մեկ ամիս առաջ Անդրանիկը կոնֆլիկտ է ունեցել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի հետ, սակայն խնդիրը շուտ լուծվել է: Անդրանիկ Սարգսյանը զինծառայությունն ավարտելու էր ընդամենը երեք ամսից»,-գրում է թերթը:  

Այսօր առավոտյան տեղի է ունենալու Անդրանիկ Սարգսյանի դիահերձումը: