ԱՄՆ Վեսթ Փոյնթի Ռազմական ակադեմիայում ամենամյա մարտ-կատակը 30 կադետների համար տխուր ավարտ է ունեցել։ Բարձերով կռվի ժամանակ նրանք վնասվածքներ են ստացել, գրում է New York Times-ը։
Բարձերով ավանդական կռիվը տեղի է ունենում ամեն տարվա վերջում եւ որպես կանոն՝ անվտանգ փորձություն է ավելորդ լիցքերից ազատվելու եւ թիմային ոգին բարձրացնելու համար։ Սակայն այս տարի դա արյունոտ ավարտ է ունեցել, քանի որ կադետները բարձերի մեջ կարծր իրեր էին դրել, ինչի հետեւանքով մի քանի զինվորական ստացած հարվածներից ուշագնաց էին եղել, իսկ ոմանք էլ՝ վիրավորվել։ Մեկ հոգի էլ կողերի եւ ձեռքի կոտրվածք է ստացել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գնդապետ Քրիստոֆեր Քասքերը, մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ ղեկավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, խորհուրդ էր տվել սաղավարտներ հագնել, սակայն զինվորականները այդ սաղավարտները դրել էին բարձերի մեջ եւ դրանք որպես «զենք» օգտագործել։





























