Ջրհեղեղից տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգի նոր կենդանիներ կբերեն: Այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեի խոսքով, մինչեւ 2016 թվականի գարուն նախատեսվում է շուրջ 150 նոր կենդանիներ բերել:
Բացի այդ, ըստ «Ինտերֆաքս»-ի, Վրաստանի իշխանությունները նոր կենդանաբանական այգի կառուցելու որոշում են կայացրել, որը ներկա այգուց 9 անգամ ավելի մեծ տարածք կունենա: Լայնարձակ ազատավանդակները թույլ կտան այնպիսի կենդանիներ պահել, որոնք այգին նախկինում չի ունեցել:
Գուրիելիձեն նշել է, որ չնայած մեծ թվով բնակիչների կորստին, կենդանաբանական այգուն դեռեւս բազմաթիվ կենդանիներ կան, որոնք կգրավեն այցելուներին: «Ջրհեղեղի ժամանակ մենք 277 կենդանի կորցրեցինք: Դրանք ամենից հետաքրքիր կենդանիներն էին»,- ասել է տնօրենը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենդանաբանական այգին տուժել է հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղի հետեւանքով: Բազմաթիվ կենդանիներ զոհվել են, մի մասն էլ՝ փախել, այդ թվում՝ վտանգավոր գիշատիչներ:




























