ՀԴԲ-ն Նյու Ջերսի նահանգում բնակվող դեռահասի է ձերբակալել: NBC-ի փոխանցմամբ, 15-ամյա դեռահասը սպառնացել է հարձակում իրականացնել Հռոմի պապի դեմ, ով պատրաստվում է սեպտեմբերի 22-27-ն այցելել Միացյալ Նահանգներ:
NBC-ի աղբյուրը փոխանցել է, որ դեռահասը համացանցում ԻԼԻՊ-ի գործունեության մասին նյութեր է ուսումնասիրել, սակայն չի կարողացել իր մտադրությունն իրականացնելու համար միջոցներ հայթայթել:
Իշխանությունները դիտարկում էին դեռահասին բաց թողնելու հավանականությունը՝ հաշվի առնելով նրա տարիքը եւ, հավանաբար, նաեւ հոգեկան վիճակը, բայց քանի որ հանցագործության ծրագրերը կապված էին Հռոմի պապի հետ, որոշել են պնդել մեղադրանքի հարցում:
Վատիկանում հայտարարել են, որ սպառնալիքների մասին ոչինչ չեն լսել: «Հռոմի պապը, ինչպես միշտ, ճամփորդելու է պապամոբիլով՝ բաց տանիքով, որպեսզի հավատացյալների հետ ավելի անմիջական կապ լինի»,- հայտարարել են Վատիկանում:





























