Հնդկական Կերալա նահանգի գյուղերից մեկի բնակիչները ջրհորից 6 տարեկան փիղ են դուրս բերել: Անցուղի փորելու համար փոքրիկ էքսկավատոր են օգտագործել, իսկ փղիկն իր փրկարարներին օգնել է՝ կնճիթով մաքրելով ճանապարհը: Ի վերջո, համատեղ ջանքերը հաջողությամբ են պսակվել եւ փղիկը դուրս է եկել ու վազել անտառ:
Ըստ NTD-ի, տեղի բնակիչները դժգոհում են, որ այդպիսի դեպքերն ավելի ու ավելի հաճախ են պատահում: Ընդ որում, վայրի կենդանիները՝ փղերը, վագրերն ու ընձառյուծները, հաճախ նաեւ հարձակվում են մարդկանց վրա:
Բնապահպանների խոսքով, պատճառն այն է, որ այդ կենդանիների բնակության վայրերը շարունակում են կրճատվել: Մարդիկ ավելի շատ տարածքներ են գրավում, որտեղ նախկինում անտառներ են եղել: Արդյունքում վայրի կենդանիները շրջակա գյուղերն են իջնում՝ սնունդ հայթայթելու նպատակով:




























