Բեռլինում ոստիկանները գնդակահարել են իրաքյան ծագմամբ ծայրահեղ իսլամականին: Ըստ Reuters-ի, տղամարդն առաջինն է հարձակվել իրավապահների վրա:
Ականատեսների վկայությամբ, տղամարդն անցորդներին դանակով է սպառնացել: Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, նա հարձակվել է նրանց վրա եւ սպանվել:
Բեռլինի ուժային կառույցների ներկայացուցիչները նշել են, որ սպանված իրաքցին կապ է ունեցել «Ալ Քաիդա»-ի հետ, իսկ հայրենիքում հեռակա կարգով մահվան է դատապարտվել: Իրավապահները հավելել են, որ նախկինում նա դատապարտված է եղել ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու եւ Գերմանիա այցի ժամանակ Իրաքի վարչապետի դեմ մահափորձ կազմակերպելու համար:
Հանցագործը բանտարկված է եղել Գերմանիայում, իսկ հեռակա մահապատժի վճիռը նրան օգնել է բանտից դուրս գալուց հետո փախստականի կարգավիճակ ստանալ: Lenta-ի փոխանցմամբ, 2013 թվականին բանտի դուրս գալուց հետո նրան պարտավորեցրել են էլեկտրոնային ապարանջան կրել եւ ամեն օր ներկայանալ ոստիկանություն:




























