Ճապոնիայում ձերբակալել են «մահվան առաքյալ» անունը ստացած պերուացի մարդասպանի եղբորը: 30-ամյա պերուացի Ջոնաթան Նակադային կասկածում են 6 մարդու սպանության մեջ:

Իրավապահները կասկածում են, որ Ջոնաթանը սպանել է 41-ամյա մի կնոջ, 7 եւ 10 տարեկան նրա երկու դուստրերին, ամուսնական զույգի եւ 84-ամյա թոշակառու կնոջ: Երբ եկել են նրան ձերբակալելու, Ջոնաթանը կտրել է երակներն ու պատուհանից դուրս նետվել, սակայն չի մահացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:

Նրա եղբայրը՝ 42-ամյա Պաբլո Նակադան, Պերուում հայտնի է որպես «մահվան առաքյալ»: Իր 25 զոհերին նա գնդակահարել է ռետինե հողաթափերից պատրաստված ինքնաշեն խլացուցիչով ատրճանակից: Նրան ձերբակալել են 2006 թվականին, ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո: 2007 թվականից նա ազատազրկված է եւ պահվում է հոգեկան շեղումներ ունեցողների համար նախատեսված բանտում:

Նա, սակայն, իրեն ոչ թե «հանցագործ, այլ մաքրող» է համարում: Ասում է՝ Աստված իրեն հրահանգել է աշխարհը մաքրել թմրամոլներից, մարմնավաճառներից, նույնասեռականներից եւ թափառաշրջիկներից: