Մեքսիկացի ձերբակալված նարկոբարոն Էդգար Վալդեսին պատկանող ագարակի տարածքում սեպտեմբերի 18-ին գաղտնի գերեզման են գտել, որում թաղված 10 մարմին է եղել: Այս մասին հայտնել է Մեքսիկայի Մորելոս նահանգի հասարակական անվտանգության հանձնաժողովը:

Ագարակը տեղակայված է Կուաուտլա եւ Այալա քաղաքների միջեւ: Գերեզմանի գոյության մասին իշխանություններին հեռախոսով տեղեկացրել է անհայտ անձը: Ներկայում այնտեղ աշխատում են դատաբժիշկները, նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Վալդեսը գլխավորում էր վարձու մարդասպանների «Բելտրան Լեյվա» նարկոկարտելը, որն ուժեղ դիրքեր ուներ Մորելոսում: Մաշկի բաց գույնի եւ երկնագույն աչքերի համար Բարբի անունը ստացած Վալդեսը 2010 թվականի օգոստոսին ձերբակալվել եւ բանտարկվել է: