Volkswagen ընկերությանը մեղադրում են արտանետումների քանակության մասին տվյալները միտումնավոր թաքցնելու մեջ:
Ըստ Automotive News-ի, ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (EPA) պարզել է, որ արտադրողը կանխամտածված նվազեցրել է 2.0 լիտր ծավալով TDI դիզելային շարժիչով ավտոմեքենաների վնասակար արտանետումների մասին ցուցանիշները:
Volkswagen-ը հատուկ ծրագրային ապահովում է օգտագործել՝ էկոլոգիական թեստերի ժամանակ CO2-ի արտանետումների մասին տվյալները թաքցնելու համար: Դրա հետեւանքով մեքենաներն անցել են սերտիֆիկացումը, մինչդեռ դրանց արտանետումների քանակությունն ընդունված նորման գերազանցում է 40 անգամ:
Այսպիսով, ընկերությանը յուրաքանչյուր ավտոմեքենայի համար մինչեւ 37.500 դոլարի տուգանք է սպառնում, ընդհանուր առմամբ՝ շուրջ 18 մլրդ դոլար: Մեղադրանքներն առնչվում են 482 հազար ավտոմեքենարի՝ Volkswagen-ի Jetta, Beetle, Golf, Passat մոդելներին եւ Audi A3-ին:
Մինչ այդ, սկանդալն արդեն բացասաբար է անդրադարձել շուկայում Volkswagen-ի դիրքերի վրա: Bloomberg-ի տվյալներով, ընկերության արժեթղթերի գինն արդեն ընկել է 22%-ով: Միաժամանակ կոնցեռնի ղեկավարությունը գնահատական է տվել տեղի ունեցածին: «Ես խորապես եւ անկեղծորեն ներողություն եմ խնդրում մեր հաճախորդների եւ հասարակության վստահությունը կորցնելու համար»,- հայտարարել է VW-ի ղեկավար Մարտին Վինտերկորնը՝ հավելելով, որ կանի «հնարավոր ամեն ինչ»՝ հասցված վնասը փոխհատուցելու համար:




























