Թուրինի համալսարանի հնագետները եւ ֆիզիկոսները սկսել են Թութանհամոնի դամբարանի պատերի ուսումնասիրությունը: Նրանք պնդում են, որ այսպես կկարողանան գտնել այն սենյակները, որտեղ գտնվում են Նեֆերտիտիի եւ շատ այլ փարավոնների աճյունները: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Եգիպտոսի հնադարի հուշարձանների նախարարությունից, փոխանցում է Planet-today-ը:
Ամեն ինչ սկսվել է անգլիացի պատմաբան եւ հնագետ Նիկոլաս Ռիվզի 2015-ի օգոստոսին հրապարակած հոդվածից: Հոդվածում նշված էր, որ Թութանհամոնի դամբարանի պատերից մեկի հետեւում կարող է լինել Նեֆերտիտիի հանգստավայրը: Ռիվզի տվյալները պատրաստվում էին ստուգել ճապոնացի եւ ամերիկացի գիտնականների խումբը: Նրանք կառույցը ստուգել են հատուկ սարքավորման միջոցով: Ճապոնացիները հաստատել են Ռիվզի տեղեկությունների իսկությունը, իսկ ամերիկացիները՝ ոչ:
Դեկտեմբերին Եգիպտոսի հնադարի հուշարձանների նախարարությունը հետազոտության իրավունքը փոխանցել է իտալացի գիտնականներին: Իտալացիների գիտական խումբը նախատեսել է ոչ միայն Թութանհամոնի դամբարանի, այլ նաեւ Թագավորների հովտի ամբողջական հետազոտություն կատարել: Այն կկատարվի հատուկ ռադարային սարքերով, որոնք թույլ կտան տեսնել նույնիսկ 10 մետր խորությամբ կառույցը:




























