Տեղական իշխանությունները արտահերթ խորհրդակցություն են հրավիրել, երբ չորեքշաբթի երեկոյան Նյու Յորքի Բրոնքսի բնակիչներից մեկը մահացել է լեպտոսպիրոզ ինֆեկցիոն հիվանդության հետեւանքով, որն առնետներն են տարածում: Այս մասին հայտնում է NBC New York-ը:

Իշխանությունների տեղեկություններով՝ հիվանդությունն ախտորոշվել է Բրոնքսի եւս երկու բնակիչների մոտ, որոնք ներկայումս առողջացել են:

«Հիվանդությունը ծանր է, սակայն մատչելի հակաբիոտիկներով բուժվում է»,- հայտնել է առողջապահության դեպարտամենտի աշխատակիցը: Դեպարտամենտի աշխատակիցները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել կրծողների դեմ պայքարելու համար:

Բնակիչների խոսքով՝ ամենուր առնետների կուտակումներ են՝ ոչ միայն շենքերում, այլեւ գնացքներն են դրանցով լցված:

Նշվում է, որ անհագստության աստիճանն այնքան բարձր է, որ Կարմիր խաչը շրջանի 8 ընտանիքների ժամանակավոր կացարան է առաջարկել: