Ես այստեղ եմ՝ չկիսելով որեւէ կուսակցկան գաղափար, ես այստեղ եմ, որովհետեւ լուրջ վտանգ եմ տեսնում։ Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի ու Արցախի ժողովուրդների շահերը, ինչպես նա խոստացել էր բազմիցս։ Այս փաստաթուղթը ստորագրվեց գաղտնիության պայմաններում, եթե իրոք սա էր միակ ելքը, որ այս փաստաթղթով պետք է ազգի կործանումը կանխել, կարծում եմ՝ մենք իրավունք ունեինք լսել հիմնավորված փաստարկները եւ մեր որոշումով այս քայլին գնայինք»,- ընդգծեց նա։ Արա Զոհրաբյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փատաթղթում որեւէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, եւ ավելին՝ վտանգավոր ձեւակերպումներ կան «Նշված է, որ պարտավորություն է նախատեսվել Սյունիքի մարզում Ադրբեջանի եւ Նախիջեւանի համար ճանապարհ ստեղծելու մասին։ Նշվել է, որ Քելբաջարը, Աղդամը, Լաչինը վերադարձնելու է Հայաստանը։ Իրավական հիմք է դրվում, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պահանջ ներկայացնի, որովհետեւ ստացվում է, որ Հայաստանն է վերցրել այդ տարածքները եւ ներկայացվել է որպես ագրեսոր։ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը եւ չի կանխում ադրբեջանաթուրքական ագրեսիան, եւ նրանց ծրագրերը։
Սա բերելու է մի վիճակի, երբ պատերազմը ապագայում տեղափոխվելու է Հայաստան, մենք լսել ենք, որ Ադրբեջանը նաեւ Երեւանի նկատմամբ ակնկալիքներ ունի»,- ասաց Զորհրաբյանը։ Թե ինչո՞ւ է կարծում, որ ներկայիս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը անհրաժեշտ է, Արա Զոհրաբյանը բացատրում է․ «Այդ փաստաթուղթը ներկայացվում է որպես հասարակ հայտարարություն։ Եթե դա հասարակ է, ուրեմն նշանակում է, որ դա Հայաստանի եւ Արցախի համար իրավական հետեւանքներ չի կարող առաջացնել։ Իրականում, դրա բովանդակության մեջ այնպիսի դրույթներ կան, որոնք միջազգային պայմանագրի դրույթներ են, եւ դրանք պետք է միայն Ազգային ժողովի վավերացմամբ ուժի մեջ մտներ, չկա ԱԺ վավերացում, դա իրավական հետեւանք չունի»,- նշեց նա։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ձգձգումը, ըստ Զոհրաբյանի, խնդիրներ է առաջացնելու, որովհետեւ մինչեւ նոյեմբերի 15-ը պետք է որոշակի տարածքներ հանձնվեն։ «Եթե հանձնվեն, մենք հետագայում չենք կարողանալու ոչինչ անել։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, երկրորդ տարբերակով՝ ԱԺ-ն պետք է անվստահություն հայտնի, բայց միայն ռազմական դրությունը չեղարկելուց հետո, իսկ ռազմական դրությունը կարող է միայն վերացվել պարզ մեծամասնության միջոցով։ Այսինքն՝ նաեւ պետք է ԱԺ-ին պահանջ ներկայացվի, որ ռազմական դրությունը չեղարկելու որոշում կայացվի»,- բացատրեց նա։




























