Շվեյցարիայում լճի հատակից գողացել են 800 կիլոգրամանոց գունդը, որի մեջ ջին էր պահվում, տեղեկացրել է Switzerland Times-ը։

Ինչպես գրել է պարբերականը, տեղի Ginial ընկերությունը արդեն երեք տարի 230 լիտր ջինը լցնում է կապարե գնդի մեջ, որն ամրացվում է բետոնե պլատֆորմով եւ 100 օրով իջեցվում Բոդենի լճի հատակ։ Խմիչքն այդ կերպ հատուկ բույր է ստանում։

Պարբերականի տեղեկացմամբ՝ ջինով լցված գունդն այս տարի գողացել են 23 մետր խորությունից։ Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Գողությունը հայտնաբերվել է այն պահին, երբ սուզակներն իջել են լճի հատակ, որպեսզի հանեն գունդը։ Որոնումներն արդյունքի չեն հանգեցրել։

Ginial-ի գլխավոր տնօրեն Սելո Ֆիշը նշել է, որ չարագործներն իսկական պրոֆեսիոնալներ են եղել, քանի որ գունդը հանելու համար հատուկ սարքավորում է անհրաժեշտ։ Ginial-ում տեղեկացրել են, որ ըմպելիքի 395 շշեր, որոնք պետք է ստացվեին գողացված ծավալից, արդեն վաճառված էին նախնական պատվերով։