Էսեքսցի ամուսինների կարծիքով՝ իրենք միլիոնատեր են դարձել փողոցից վերցված սեւ կատվի շնորհիվ, տեղեկացրել է Daily Mail-ը։

Հինգ տարի առաջ 71-ամյա Թոնի Փիրսը եւ նրա 63-ամյա կինը՝ Դեբը, հազիվ էին խուսափել սնանկացումից։ Այն ժամանակ Թոնին ստիպված էր թողնել աշխատանքը, եւ նրանք Դեբի հետ խրվել էին պարտքերի մեջ։ Ինչ-որ պահի ստեղծված իրավիճակից միակ ելքը թվում էր սիրելի տան վաճառքը։ Բայց շուտով նրանց կյանքում հայտնվում է մի թափառական կատու, որին նրանք տվել են Բիլի անունը։ Հենց այդ կատուն է, ինչպես կարծում են Փիրսերը, ամեն բան փոխել եւ հաջողություն բերել իրենց։

Չնայած ֆինանսական դժվարություններին՝ ամուսինները սկսել են կերակրել Բիլիին։ Փիրսերը նշել են, որ իրենք կատվի հետ ընդհանուր շատ բան են ունեցել՝ նրանք ցանկացած պահի կարող էին զրկվել բնակարանից եւ դառնալ նույնպիսի անօթեւան, ինչպես կատուն։ Արդյունքում՝ զույգը որոշում է ապաստան տալ նրան եւ չի զղջում այդպես վարվելու համար։ Ընդամենը կես տարի հետո ընտանիքը միլիոն ֆունտ սթեռլինգ է շահում վիճակախաղով։

«Ոմանք կարծում են, թե սեւ կատուները դժբախտություն են բերում, բայց ես դրան համաձայն չեմ»,- ասել է Դեբը։ Շահումը զույգին թույլ է տվել պահպանել տունը, նորոգել այն եւ գնել անշարժ գույք Նորֆոլքում, որտեղ նրանք հաճախ հանգստանում էին։ Բացի այդ, Փիրսերը կազմակերպել են իրենց երազանքի հարսանիքը։

Այդ ժամանակվանից կատուն դարձել է նրանց ընտանիքի անդամը, եւ ամուսինները միջոցներ չեն խնայում նրան խնամելու համար։ Օրինակ, երբ կատվի մոտ դիաբետ են հայտնաբերել, նրանք վճարում ինսուլինի ներարկումները եւ Բիլիի համար հատուկ սնունդ են պատրաստում։ Նա հատկապե սշատ է սիրում հավի միս բանջարեղենով եւ տանել չի կարողանում ոլոռը։ Կատուն սիրում է բազմազանություն եւ չի ցանկանում նույն բանն ուտել մի քանի օր շարունակ։ «Մենք նրան օրը երկու անգամ ներարկում ենք եւ փորձում կատարել նրա բոլոր քմահաճույքները»,- ասել է Դեբը։ Բիլին նաեւ ճամփորդությունների բոլոր հարմարանքներն ունի, որոնցով իրեն հարմար է զգում։