Ճապոնական դատարանը վճռել է, որ կենտրոնական Ճապոնիայում 45-ամյա միջուկային ռեակտորը կարող է շարունակել աշխատել՝ մերժելով անվտանգության ռիսկերի պատճառով այն անջատելու բնակիչների պահանջները, հաղորդում է AP-ն:
Օսակայի շրջանային դատարանի որոշումը կայացվել է ընդամենը մի քանի օր առաջ այն բանից, երբ վարչապետ Ֆումիո Կիսիդայի կաբինետը պետք է հաստատի միջուկային էներգիայի ոլորտում նոր քաղաքականությունը, որը կարագացնի 2011-ին Ֆուկուսիմայի միջուկային վթարից հետո կանգնած ռեակտորների վերագործարկումը եւ կերկարաձգի հնացած ռեակտորների շահագործման ժամկետը:
Էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարությունը մշակել է ծրագիր, որը նախատեսում է 30 տարվա շահագործումից հետո ռեակտորների համար յուրաքանչյուր 10 տարին մեկ երկարաձգում, ինչպես նաեւ թույլ է տալիս կոմունալ ձեռնարկություններին ռեակտորի 60 տարուց ավելի ծառայության ժամկետը հաշվելիս հանել պարապուրդի ժամանակաշրջանը:
Երեքշաբթի օրը ընդունված որոշումը առաջինն է՝ ավելի քան 40 տարի գործող ռեակտորների անվտանգության մասին:
Ինը բնակիչ՝ յոթը Ֆուկուի պրեֆեկտուրայից եւ մեկական հարեւան Կիոտոյից ու Սիգայից, հայց են ներկայացրել Kansai Electric-ի դեմ 2021 թվականի հունիսին՝ պահանջելով փակել Միհամայի ռեակտորը։ Նրանք պատճառաբանել են, որ ծերացող օբյեկտում անվտանգության ռիսկեր կան:



























