Սթենֆորդի համալսարանի գիտնականները քաղաքական կոռեկտության նպատակներով իրենց առցանց ռեսուրսներում խորհուրդ են տվել «ԱՄՆ քաղաքացի» տերմինն օգտագործել «ամերիկացի» բառի փոխարեն, քանի որ վերջինս, ըստ հետազոտողների, «ակնարկում է» ԱՄՆ-ի գերակշռությունը։

Ինչպես նշում է թերթը, երկուշաբթի օրը թողարկված լեզվական ուղեցույցը նպատակ ունի «բացառել վնասակար արտահայտությունների բազմաթիվ ձեւերը, այդ թվում՝ ռասիստական, բռնատիրական եւ կողմնակալ ձեւակերպումները Սթենֆորդի կայքերում»։

Նշվում է, որ դեռ մայիսին համալսարանի բազայի վրա պատրաստվել էր Elimination of Harmful Language Initiative (EHLI) նախագիծը, որի նպատակն էր արմատախիլ անել վնասակար տերմինաբանությունը։

«Ամերիկացի» տերմինը հաճախ վերաբերում է միայն Միացյալ Նահանգներից մարդկանց՝ այդպիսով ակնարկելով, որ ԱՄՆ-ը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի ամենակարեւոր երկիրն է»,- մեջբերում է թերթը հատված լեզվական ուղեցույցից, որում նաեւ նշվում է, որ «տարածաշրջանն իրականում ներառում է 42 երկրներ՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի միջեւ»:

Հետազոտողների կարծիքով՝ պետք է, օրինակ, «ներգաղթյալ» տերմինը փոխարինել «ներգաղթած անձ» կամ «ոչ քաղաքացի» բառերով։