Տղամարդը, ում նավը շրջվել է Ավստրալիայի հյուսիսային ափերի մոտ, 24 ժամ ողջ է մնացել շնաձկներով եւ կոկորդիլոսներով լի ջրերում՝ կառչելով փայտի կտորից, հայտնում է CBS News-ը։

Փրկարարների խումբը շրջված նավից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թորեսի նեղուցում հայտնաբերել է Քվինսլենդի բնակչին։

Ավստրալիայի ծովային անվտանգության ծառայության տվյալներով՝ նա «կառչել է ինչ-որ բեկորներից»:

Տղամարդը, որի անունը չի նշվում, «շատ բախտավոր է», որ ողջ է մնացել, ասվում է իշխանությունների տարածած հայտարարության մեջ: Նա երեքշաբթի օրը լքել է Գետուլայ կղզին եւ չի կարողացել հասնել իր նշանակետին, ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության տվյալներով՝ Թորեսի նեղուցը բաղկացած է 18 կղզիներից, որոնք տարածված են 48 հազար քառակուսի կիլոմետր աշխարհագրական տարածքի վրա։ Կառավարությունը նշում է, որ շնաձկները տարածաշրջանի կարեւոր խորհրդանիշն են, քանի որ նրանք «հայտնի են որպես խութերի պաշտպաններ»:

Միջադեպից երկու ամիս առաջ Մեքսիկական ծոցում նավ էր խորտակվել, որի վրա երեք տղամարդ է եղել, որոնց մեկ օրում ջրում մնալուց հետո փրկվել էին: