Սպառողները դատի են տվել Hershey Co ընկերությանը՝ կապարի եւ կադմիումի վնասակար մակարդակ պարունակող մուգ շոկոլադ վաճառելու համար, հայտնում է Reuters-ը։

Կոլեկտիվ հայցի ընթացքում Քրիստոֆեր Լազացարոն պնդել է, որ ինքը չէր գնի Hershey's շոկոլադը, եթե ընկերությունը բացահայտեր դրա մեջ մետաղի պարունակությունը:

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մուգ շոկոլադի հակաօքսիդանտները եւ շաքարի համեմատաբար ցածր մակարդակը կարող են օգնել կանխել սրտանոթային հիվանդությունները:

Լազացարոն հայց է ներկայացրել երկու շաբաթ անց այն բանից, երբ Consumer Reports-ը հրապարակել է 28 մուգ շոկոլադի սալիկներում կապարի եւ կադմիումի գիտական փորձարկման արդյունքները:

Պարբերականում նշվում է, որ չնայած բոլոր 28 ապրանքները պարունակում են ծանր մետաղներ, 23-ը, ներառյալ Dove, Godiva, Lindt եւ Trader Joe's շոկոլադները, պարունակում են կապարի, կադմիումի կամ երկուսի պոտենցիալ վնասակար մակարդակ այն մարդկանց համար, ովքեր օրական մեկ ունցիա շոկոլադ են ուտում:

Hershey's Special Dark եւ Lily սալիկներում շատ կապար է եղել, իսկ Lily-ն նաեւ կադմիում է պարունակել:

Հայցը պահանջում է առնվազն 5 միլիոն դոլարի վնաս: