Նոր Հարավային Ուելսի համալսարանի մասնագետը սեփական հետազոտության արդյունքում եկել է այն եզրակացության, որ հուզական հյուծման ամենից հաճախ ենթարկվում են պերֆեկցիոնիստները։

Ավստրալացի հոգեբույժն իր եզրակացությունները բացահայտել է հոգեբույժների եւ նյարդաբանների պրակտիկայի օրինակների հիման վրա։ Մարդիկ, ովքեր կարիերայում եւ կյանքի այլ դրսեւորումներում իրենց առջեւ բարձր նշաձող են դնում, ավելի հաճախ են հիասթափվում, քան մյուսները:

Չափազանց դժվար է համապատասխանել այն չափանիշներին, որոնք իրենք իրենց համար նախանշել են։ Իսկ նրանց համար ավելի դժվար է ընդունել իրենց անկատարության մասին թեզը։ Երբ դրված նպատակները ձեռք չեն բերվում կամ մասամբ են իրագործվում, այլ հոգետիպերի մարդիկ կարող են տրամաբանական բացատրություններ փնտրել եւ նույնիսկ իրենց մեղադրելով՝ դրա վրա չկենտրոնանալ:

Պերֆեկցիոնիստը զբաղվում է «ինքն իրեն ուտելով», թեեւ փորձում է «իր դեմքը պահել» մարդկանց մոտ։ Բայց վաղ թե ուշ նա «կոտրվում է», թեւաթափ է լինում։ Վրա է հասնում անտարբերություն, դեպրեսիա: Մարդը հաճախ հեռանում է հարազատներից, գործընկերներից, ընկերներից։ Իսկ մենակությունը խնդիրների կատալիզատոր է դառնում: Նա ընկնում է հուզական սառնության արատավոր շրջանի մեջ։

Այս հոգեբանական անհարմար ախտանիշները ուղեկցվում են ֆիզիկական դատարկությամբ, գլխում «մառախուղի» զգացումով։ Եվ այստեղից հեռու չէ հիվանդությունը:

Փորձագետն իր մտքերով կիսվել է EurekAlert պորտալի հետ։ Եվ նա որոշել է գիրք գրել, որտեղ ավելի մանրամասն կշարադրի խնդրի էությունը։