Գոլդ Կոստա լողափի (գտնվում է Ավստրալիայի հյուսիս-արեւելքում, Բրիսբենից 75 կիլոմետր հարավ) օդային տարածքում բախվել են զբոսանքի համար նախատեսված երկու ուղղաթիռներ։ Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է Քվինսլենդ նահանգի շտապօգնության ծառայությունը, տուժել է 13 մարդ։

«Շտապ եւ վթարային ծառայությունների անձնակազմերը ժամանել են վթարի վայր տեղի ժամանակով ժամը 14.00-ին, միջադեպից տուժած 13 մարդիկ տեղում բուժօգնություն են ստանում»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում, որը հրապարակվել է նրա թվիթերյան էջում։

Պատահարի վայրում աշխատում են նահանգի ոստիկանները, կատարվում է հետաքննություն։

Ինչպես տեղեկացրել են Քվինսլենդ նահանգի ոստիկանությունում, բախման հետեւանքով չորս մարդ զոհվել է, ինը հոգի տարբեր վնասվածքներ է ստացել։ Գերատեսչության տվյալներով՝ «երեք մարդ հոսպիտալացվել է ծայրահեղ վիճակում»։ «Միջադեպի հետաքննությունը դժվարացնում է այն, որ ուղղաթիռներից մեկն ընկել է ավազե ծանծաղուտի մեջ, որին (վթարային ծառայության) մեքենաները դժվարանում են հասնել»,- լրագրողներին ասել է Քվինսլենդ նահանգի ոստիկանության տեսուչ Հերի Ուորելը։