«Եվրոպայի կենտրոնում մոլեգնում է պատերազմը»,- ողբերգական ձայնով ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեհթը թնդանոթաձգության որոտի ներքո։ Եթե չնայենք էկրանին, կարելի է մտածել, որ Գերմանիայի պաշտպանության նախարարն Ուկրաինայի արեւելքում, ինչ-որ տեղ առաջնագծում է՝ կենտրոնացված հրետակոծության տակ։ Իրականում Լամբրեհթը այս տեսանյութը կատարել է հեռախոսով, Բեռլինի կենտրոնում, Ամանորի գիշերը, տոնական հրավառության աղմուկի ֆոնին, գրել է «Немецкая волна»-ն։

Շատերը քաղաքական Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարարի ամանորյա ուղերձը առնվազն անտեղին են համարել, նշել է գերմանական լրատվամիջոցը։

Ընդդիմադիր պահպանողականների խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Յոհան Վադեպուլը հայտարարել է, որ նախարարական տեսահոլովակը ինսթագրամում Լամբրեհթի զբաղեցրած պաշտոնին իր անհամապատասխանության ակնհայտ ապացույցն է։

Կառավարող կուսակցությունների ներկայացուցիչները եւս սարի պես թիկունք չենք կանգնել իրենց պաշտպանության նախարարին։ Կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինե Հոֆմանն ամանորյա առաջին կառավարական մամուլի ասուլիսում միայն չոր նկատել է, որ «դա (վիդեոն- խմբ.) գնահատելու հիմքեր չի տեսնում»։ Կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցն այս անգամ ակներեւաբար չի ցանկացել օգտվել հնարավորությունից՝ հերթական անգամ հաստատելու, որ լիովին վստահում է ռազմական գերատեսչության ղեկավարին։

ԶԼՄ-ն նշել է, որ 2021թ. դեկտեմբերին, երբ արդեն սկսվել էր հակամարտությունն Ուկրաինայում, Լամբրեհթը սկսել է ոչ թե զինված ուժերի արդիականացումից, այլ բունդեսվերում աջ արմատականների որսից։ Նրան նաեւ խիստ անհանգստացնում էր իգական սեռի գերմանացի գեներալների ոչ մեծ թիվը։ Իսկ որպես Ուկրաինային օգնություն նա շռայլորեն խոստացել էր ուղարկել 5 000 սաղավարտ, ինչը Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ժամանակին անվանել էր «շատ ծիծաղելի»։

Ժամանակին Լամբրեհթը կարծես կազմել էր ռազմական հանդերձանքի ցուցակը, որը բունդեսվերը կարող էր արագ փոխանցել ուկրաինական զինված ուժերին, բայց դրա մասին չէր տեղեկացրել Ուկրաինայի նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Կիեւում ցուցակի գոյության մասին իմացել էին միայն Վիտալի Կլիչկոյի եղբոր՝ Վլադիմիրի շնորհիվ, որը թեման բարձրացրել էր Բեռլին կատարած ուղեւորության ժամանակ։

Հիշատակված 100 միլիարդից, ինչպես հաշվել են գերմանական լրատվամիջոցները, գնաճի հետեւանքով արդեն մնացել է միայն 83 մլրդ-ն, բայց առայժմ կոնկրետ նախատեսված է  մոտ տասը միլիարդի հատկացում։ Առյուծի բաժինը նախատեսված է հնացած Tornado գերմանական կործանիչներն ամերիկյան F-35-ներով փոխարինելու համար։ Բայց դեռ պետք է մինչեւ 2026թ. համապատասխան ձեւով վերակառուցել Բյուխելի ավիաբազան, որտեղ, ասում են, պահեստավորված են ամերիկյան ատոմային մարտագլխիկները, որոնք նպատակին հասցնելու համար գերմանացի օդաչուներ կարող են պետք գալ։ Առանց ավիաբազայում համապատասխան ենթակառուցվածքի ամերիկացիներն իրենց ինքնաթիռները Գերմանիային չեն վաճառի։

Անցած տարվա նոյեմբերի վերջին, Լեհաստանում ենթադրյալ ուկրաինական հակաօդային հրթիռի ընկնելուց հետո, Լամբրեհթը Rheinische Post թերթի հարցազրույցում խոսել էր Վարշավային Patriot-ի գերմանական մարտկոցներից մեկը հանձնելու մասին։ Մեկ-երկու շաբաթ հետո հայտնի էր դարձել, որ նա չպետք է աներ դա, քանի որ լեհերը խնդրել էին Գերմանիայի պաշտպանության նախարարությանը պլանը գաղտնի պահել։ Վարշավան որպես վրեժ առաջարկել էր այդ մարտկոցը հանձնել հենց ուկրաինացիներին, ինչը հերթական լարվածությունն էր առաջացրել ինչպես Լեհաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ Գերմանիայի հարաբերություններում։

Վերջապես, նորագույն Puma հետեւակի զրահամեքենաների օգտագործմամբ զորավարժությունների ժամանակ շարքից դուրս էին եկել դրանց մասնակցող բոլոր 18 մեքենաները։ Բայց չէ՞ որ այդ տեխնիկան նախատեսված էր ՆԱՏՕ արագ ծավալման ուժերի համար, որոնց հրամանատարությունը 2023թ. անցել է Գերմանիային։ Հետեւակի նոր զրահամեքենաների փոխարեն գերմանական զորակազմը՝ 8 000 զինվորականից բաղկացած, ստիպված է եղել նորից անցնել Marder-ներին։

Այժմ շարքից դուրս եկած 18 Puma-ներից 17-ը, տեղեկացրել է արտադրող գործարանը, նորից ընթացքի մեջ է, բայց պաշտպանության նախարարությունն այդպես էլ մինչ այժմ չի հրապարակել դեռեւս անցած տարվա վերջին խոստացած հաշվետվությունը նոր մարտական տեխնիկայի շարքից դուրս գալու պատճառների մասին։