Իրանի խորհրդարանական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Հոսեյնին մանրամասներ է հայտնել Բրազիլիայում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ բանակցությունների մասին՝ ասելով, որ թագավորությունը պատրաստակամություն է հայտնել վերսկսելու Իրանի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է Tasnim-ը:
Չորեքշաբթի Թեհրանում լրագրողների հետ զրույցում Հոսեյնին ասել է, որ հանգամանալից բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ, երբ նրանք մասնակցել են Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի երդմնակալությանը:
«Նրանք (սաուդցիները) պատրաստակամություն են հայտնել վերսկսելու բանակցությունները (Իրանի հետ)»,- ասել է Հոսեյնին։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը ողջունել է տարաձայնություններն ու խնդիրները քննարկելու նպատակով մի շարք հանդիպումներ անցկացնելու գաղափարը։
«Իրանի արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է այդ հարցով եւ մի շարք միջոցներ է ձեռնարկել։ Իրանը եւ Սաուդյան Արաբիան տարածաշրջանի երկու խոշոր եւ ազդեցիկ երկրներն, որոնք համագործակցում են տարբեր ոլորտներում, որոնցից են ուխտագնացությունը եւ զբոսաշրջությունը»,- հավելել է նա։
Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ դիվանագիտական հարաբերությունները վատթարացել են 2016 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայում շիա հոգեւորական Շեյխ Նիմր ան-Նիմրի՝ սաուդյան միապետության բացահայտ քննադատի մահապատժից հետո: Դրանից հետո Էր Ռիադը խզել էր հարաբերությունները Թեհրանի հետ՝ ի պատասխան Իրանի մայրաքաղաքում իր դեսպանատան վրա զայրացած ցուցարարների հարձակումներին։
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական արշավը, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի Մինա քաղաքում 2015 թվականի սեպտեմբերին Հաջի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով հարյուրավոր իրանցի ուխտավորների մահը էլ ավելի սրեցին Թեհրանի եւ Ռիադի հարաբերությունները:




























