Տիկալի կենտրոնից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա՝ժամանակակից Գվատեմալայի սրտում, մայաների 2400-ամյա քաղաքում, հետազոտողների միջազգային թիմը հայտնաբերել է թաղված զոհասեղան, որը կարող է բացահայտել հին աշխարհի անկարգությունների խորհրդավոր ժամանակի մասին գաղտնիքները:
Մ.թ. ա. 300-ականների վերջին կառուցված զոհասեղանը զարդարված է չորս կարմիր, սև և դեղին վահանակներով, որոնք պատկերում են փետուրե գլխազարդով և վահաններով կամ ռեգալիաներով՝ ագավորական իշխանության նշաններով մի մարդու: Նա ունի նուշանման աչքեր, քիթ և երկու ականջ։ Պատկերը շատ նման է Մեքսիկայի կենտրոնական մասում հայտնաբերված և «փոթորկի աստված» կոչված աստվածության մյուս նկարներին:
Antiquity հանդեսում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները պնդում են, որ ներկված զոհասեղանը մայաների նկարչի ձեռքի գործը չէ: Նրանք ենթադրում են, որ այն Թեոտիուականում՝ ահռելի հնագույն պետությունում, որի նստավայրն ընկած էր 630 մղոն դեպի արևմուտք, ժամանակակից Մեխիկոյից դուրս վերապատրաստված հմուտ արհեստավոր է ստեղծել:
«Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ սա Տիկալում անսովոր բուռն ժամանակաշրջան էր,-ասում է Բրաունի մարդաբանության և արվեստի և ճարտարապետության պատմության պրոֆեսոր և հոդվածի համահեղինակ Սթիվեն Հյուսթոնը, գրում է «Научная Россия» պորտալը: -Զոհասեղանը հաստատում է, որ Թեոտիուականից հարուստ առաջնորդներ են ժամանել Տիկալ և ստեղծել ծիսական կառույցների կրկնօրինակներ, որոնք գոյություն կունենային իրենց հայրենի քաղաքում: Դա վկայում է նրա մասին, որ Թեոտիուականն այստեղ խոր հետք է թողել»:
Նույնիսկ զոհասեղանի հայտնաբերումից առաջ Հյուսթոնը և նրա գործընկերները գիտեին, որ մայաները դարեր շարունակ շփվել են Թեոտիուականի հետ, նախքան նրանց հարաբերություններն ավելի մտերմիկ դառնալը:
Մ.թ.ա մոտ 850 թվականին հիմնադրված Տիկալը մի քանի սերունդ թույլ ազդեցությամբ փոքր քաղաք էր, որից հետո վերածվել է դինաստիայի: Հնագետները ապացույցներ ունեն, որ մոտ երկու դար անց Տիկալը և շատ ավելի հզոր Թեոտիուականը սկսել են կանոնավոր կերպով փոխազդել ։ Ըստ Հյուսթոնի՝ այն, ինչն ի սկզբանե թվում էր պարզ առևտրային հարաբերություններ, սկսել է արագ վերածվել առավել մրցակցային հարաբերությունների:
«Թվում էր, թե Տիկալը զայրացրել էր գազանին և գրավել Թեոտիուականի չափազանց մեծ ուշադրությունը,-ասում է Հյուսթոնը: -Այդ ժամանակ օտարերկրացիները սկսել են լցվել այդ շրջան»:
Մի քանի տասնամյակների ընթացքում գիտնականները հավաքել են ապացույցներ, որ քաղաքների միջև հարաբերությունները այնքան էլ բարեկամական չեն եղել։ Հետազոտությունները սկսվել են 1960-ական թվականներին, երբ հնագետները կտրված և այլանդակված քար են գտել՝ հակամարտությունը նկարագրող լավ պահպանված տեքստով:
Քարին փորագրված արձանագրության շնորհիվ գիտնականները իմացել են, որ «մոտ մ. թ.ա. 378 թվականին «Թեոտիուականը, ըստ էության, գլխատել է թագավորությունը,-ասում է Հյուսթոնը: -Նրանք գահընկեց են արել թագավորին և նրան փոխարինել ազգային թշնամու հետ համագործակցող խամաճիկ թագավորով, որը Թեոտիուականի համար օգտակար գործիք էր ծառայում տեղում»:
Տասնամյակներ անց, օգտագործելով լույսի հայտնաբերման և տարածության հեռվության (LiDAR) սահմանման տեխնոլոգիան, գիտնականները հայտնաբերել են Տիկալի կենտրոնի մոտ տեղակայված Թեոտիուական միջնաբերդի փոքրացված կրկնօրինակը, որը թաղված էր, հնագետների կարծիքով, բնական բլուրների տակ: Այս բացահայտումը ենթադրում էր, որ Թեոտիուականի տապալմանը նախորդող տարիներին նրա ներկայությունը մայա քաղաքում, հավանաբար, բռնազավթման տարր էր պարունակում:
Հետազոտության համահեղինակ, մարդաբանության և հնագույն հնագիտության պրոֆեսոր Էնդրյու Շերերը, կարծում է, որ զոհասեղանը կառուցվել է հենց հեղաշրջման ժամանակ: Ըստ պրոֆեսորի՝ զոհասեղանի մանրակրկիտ ներկված արտաքին տեսքը մայրաքաղաքում դաժան կառավարման միակ վկայությունը չէ. զոհասեղանի ներսում հնագետները գտել են նստած վիճակում թաղված երեխայի. Տիկալում դա հազվադեպ էր կիրառվում, մինչդեռ Թեոտիուականում սովորական երևույթ էր: Նրանք գտել են նաև թաղված չափահաս մարդու՝ կանաչ օբսիդիանի տեգի ծայրով: Շերերը նշում է, որ տեգի սայրի նյութը և ձևավորումը բնորոշ են Թեոտիուականին:
Ըստ Շերերի՝ այն փաստը, որ զոհասեղանը և դրա շրջակայքը հետագայում թաղվել են, հաստատում է այն տեսությունը, որ Թեոտիուականի ներկայությունը մեկընդմիշտ փոխել է Տիկալը:
«Մայաները կանոնավոր կերպով թաղում էին շենքերը և վերաշինում դրանք, -ասում է Շերերը: -Սակայն այստեղ նրանք թաղել են զոհասեղանը և դրա շուրջ գտնվող շենքերը և պարզապես թողել են այն, հակառակ նրան, որ դարեր անց այն հիանալի մեծ անշարժ գույք է դառնալու: Նրանք զոհասեղանին վերաբերվել են գրեթե որպես հուշահամալիրի կամ ռադիոակտիվ գոտու: Ամենայն հավանականությամբ, դա վկայում է Թեոտիուականի նկատմամբ նրանց տածած բարդ զգացմունքների մասին»:
Ըստ Հյուսթոնի՝ «բարդը» հարմար բառ է Թեոտիուականում հեղաշրջման մասին Տիկալի հավաքական հիշողությունը նկարագրելու համար: Չի բացառվում, որ այս իրադարձությունը ցնցել է Տիկալը, բայց, վերջնաարդյունքում այն թագավորությունն ավելի հզոր է դարձրել. հաջորդ մի քանի դարերի ընթացքում Տիկալը հասավ ավելի մեծ բարձունքների, իսկ հետո՝ մ.թ. ա. 900 թվականին, մայաների մնացած աշխարհի հետ միասին անկում ապրեց:
«Բոլորը գիտեն, թե ինչ է պատահել ացտեկների քաղաքակրթությանը իսպանացիների ժամանելուց հետո, -ասում է Հյուսթոնը: -Մեր գտածոները ցույց են տալիս, որ այս պատմությունը նույնքան հին է, որքան ժամանակը: Կենտրոնական Մեքսիկայի կառավարիչները ներթափանցել են մայաների աշխարհ, քանի որ այնտեղ տեսել են արտասովոր հարստություններ, արևադարձային թռչունների հատուկ փետուրներ, նեֆրիտ և շոկոլադ: Ինչ վերաբերում է Թեոտիուականին, դա կաթի և մեղրի երկիր էր»:





























