Դուբայում կիբերհանցագործության մեղադրանք է առաջադրվել 60-ամյա բրիտանացի տղամարդուն, որը, ենթադրաբար, նկարահանել է քաղաքի վրայով թռչող իրանական հրթիռները, հաղորդում է BBC News-ը։

Զբոսաշրջիկը ձերբակալվել է ըստ Արաբական Միացյալ Էմիրությունների օրենքի, որն արգելում է հանրային անվտանգությունը վտանգող նյութերի հրապարակումը կամ տարածումը, հայտնում է երկրի իրավաբանական օգնությոն տրամադրող Detected in Dubai կազմակերպությունը։

ԱՄԷ-ի պետ​​նախարար Լանա Նուսեյբեհը հեռուստաալիքին հայտարարել է, որ տեղյակ է օրենքի «որոշ խախտումների» մասին, սակայն բրիտանացի տղամարդու ձերբակալության մասին որևէ կոնկրետ մանրամասներ չունի։

Նա նշել է, որ պատշաճ գործընթաց կլինի, և որ նման տեսակի նկարահանումները մարդկանց վտանգի են ենթարկում։

Detected in Dubai-ի գլխավոր տնօրեն Ռադհա Ստիրլինգը հայտարարել է, որ 21 անձի «մեղադրանք է առաջադրվել ԱՄԷ կիբերհանցագործության մասին օրենքներին համապատասխան՝ վերջին հրթիռային հարվածների հետ կապված տեսանյութերի և սոցիալական ցանցերում հրապարակումների առնչությամբ»։ Նա նշել է, որ ոստիկանությունը բրիտանացի տղամարդու հեռախոսում Դուբայի վրա Իրանի հրթիռային հարվածի տեսանյութ է գտել։ Նա շեշտել է, որ պաշտոնական մեղադրանքները «շատ անորոշ» են։

Ստիրլինգը հավելել է, որ տղամարդու ընտանիքը կարողացել է խոսել նրա հետ ձերբակալվելուց հետո: Ըստ նրա՝ ԱՄԷ-ն խստորեն հետևում է հրթիռներ նկարահանող մարդկանց՝ «զբոսաշրջիկների առերևույթ անվտանգությունը պահպանելու համար»: