Ուրբաթ երեկոյան Կուբայի Սիեգո դե Ավիլա նահանգի Մորոն մունիցիպալիտետի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով էլեկտրաէներգիայի տևական անջատումների, սննդամթերքի պակասի և կենսապայմանների վատթարացման դեմ, հայտնում է Ciber Cuba-ն։
Բողոքի ցույցերի ժամանակ, ինչպես հաղորդում են անկախ աղբյուրները, հրկիզվել է Կուբայի կոմունիստական կուսակցության տեղի շտաբ-բնակարանը, հրդեհվել են նաև ոստիկանական մի քանի հեծանիվներ։
Բացի այդ, կուսակցության շենքի առջև վառված խարույկի մոտ գտնվող մի երիտասարդ է վիրավորվել՝ ազդրի շրջանում արձակված կրակոցից։ Անկախ լրագրող Խոսե Ռաուլ Գալյեգոն հայտնել է, որ կրակը բացել է ոստիկաններից մեկը։ Նշվում է նաև, որ հատուկ նշանակության ջոկատայինները շներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնց թվում եղել են երեխաներ և դեռահասներ։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները գիշերով անցնում փողոցներով՝ վանկարկելով «Ազատություն» և հարվածելով կաթսաներին։ Կուբայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպերի և վիրավորի վիճակը։
Այս իրադարձությունները տեղի են ունենում ողջ Կուբայում բողոքի ցույցերի լայն ալիքի ֆոնին, որտեղ քաղաքների բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում տնտեսական ճգնաժամի և կենսապայմանների վատթարացման դեմ։





























