Աբու Դաբիի ոստիկանությունը տարբեր ազգությունների պատկանող 45 անձի է ձերբակելել։ Նրանք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սոցիալական ցանցերում հրապարակել են դեպքի վայրերից կատարված նկարահանումները և կեղծ տեղեկություններ տարածել դրանց վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Русские Эмираты» պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։

Մասնավորապես նշվում է, որ ձերբակալվածները տարբեր վայրերից տեսանյութեր են հրապարակել և տարածել ոչ ճշգրիտ ու մոլորեցնող տեղեկատվություն։

Գերատեսչությունն ընդգծել է, որ նման գործողությունները կարող են «հանրային անհանգստություն առաջացնել և նպաստել հասարակության անդամների շրջանում ասեկոսեների տարածմանը»։

Մեղադրյալների նկատմամբ ձեռնարկվել են անհրաժեշտ իրավական և վարչական միջոցներ: Այս գործողությունները հանդիսանում են անվտանգության ծառայությունների շարունակական ջանքերի մի մասը՝ ուղղված սոցիալական ցանցերի ոչ պատշաճ օգտագործման հետ կապված խախտումների վերահսկմանը:

Իրավապահները շեշտել են, որ նման վարքագիծը խախտում է երկրի օրենսդրությունը, և հորդորել են բնակչությանը ստուգել տեղեկատվությունը՝ նախքան ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված բովանդակությունը հրապարակելը կամ տարածելը:

Ոստիկանությունը զգուշացրել է, որ չստուգված տվյալների տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ հանրային անվտանգության և անվտանգության ծառայությունների ընթացիկ գործողությունների վրա:

Աբու Դաբիի ոստիկանությունը նաև կոչ է արել բնակչությանը ձեռնպահ մնալ դեպքի վայրերը նկարահանելուց և համապատասխան նյութեր հրապարակելուց: Գերատեսչությունում նշել են, որ իշխանություններն ուշադիր հետևում են սոցիալական տիրույթի բովանդակությանը և անհրաժեշտ իրավական միջոցներ կձեռնարկեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կխախտեն օրենքը: