ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է, որ մարտի 12-ին Իրաքի արևմուտքում KC-135 լիցքավորող ինքնաթիռի կործանման հետևանքով անձնակազմի բոլոր վեց անդամները զոհվել են:

«Իրաքի արևմուտքում կործանված ամերիկյան KC-135 լիցքավորող ինքնաթիռի անձնակազմի բոլոր վեց անդամներն այժմ համարվում են զոհված: Ինքնաթիռը կորել է մարտի 12-ին «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակում՝ բարեկամական օդային տարածքով թռիչքի ժամանակ»,- ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ:

Միջադեպի հանգամանքները քննվում են:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «ինքնաթիռի կորուստը թշնամական կամ բարեկամական կրակի հետևանք չէ»։

Ավելի ուշ Պենտագոնը հրապարակել է զոհված ամերիկացի զինծառայողների անունները։

Նրանք ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչուներ են՝ 33-ամյա մայոր Ջոն Կլիները Ալաբամայից, 31-ամյա կապիտան Արիանա Սավինոն Վաշինգտոնից, 34-ամյա սերժանտ-տեխնիկ Էշդի Պրուիտը Քենտուկիից, 38-ամյա կապիտան Սեթ Կովալը Ինդիանայից, 30-ամյա կապիտան Քերթիս Էնգսթը Օհայոյից և 28-ամյա սերժանտ-տեխնիկ Թայլեր Սիմոնսը՝ նույնպես Օհայոյից։

Ավելի վաղ ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարությունը հաստատել էր անձնակազմի չորս անդամի զոհվելու փաստը: