Երևանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, այսօր՝ մայիսի 4–ին, Մարզահամերգային համալիրի մոտ անպատասխան թողեց հայ գերիներին վերադարձնելու վերաբերյալ NEWS.am–ի հարցը։

Նշենք, որ Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանցանհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը մայիսի 4-ին անցկացվում է Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։  

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների  առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։