Ամուսնալուծության հիմք կարող է դառնալ ալկոհոլային խմիչքների հանդեպ ամուսինների տարբեր վերաբերմունքը: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Բաֆալոյի համալսարանի գիտնականները:
Ընտանիքները, որոնցում տղամարդիկ չարաշահում են ալկոհոլը, իսկ կանայք դառնում են նրանց զոհերը, դատապարտված են քայքայման: Սակայն գիտնականներին հաջողվել է պարզել, որ ընտանեկան հարաբերությունների վրա ազդում է ոչ թե խմիչքի օգտագործման չափը, այլ ամուսինների վերաբերմունքը ալկոհոլի հանդեպ: Նկատի է առնվում այն իրավիճակը, երբ ամուսիններից մեկն ավելի է խմում, իսկ մյուսը՝ քիչ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Գիտնականների վիճակագրական տվյալները հաստատում են, որ ամուսնալուծությունների քանակը նվազագույնն է այն ընտանիքներում, որտեղ երկու ամուսիններն էլ նույն ինտենսիվությամբ են խմում՝ կամ շատ քիչ, կամ բավականին շատ: Իսկ ահա այն ընտանիքներում, որտեղ կինն ու ամուսինը տարբեր վերաբերմունք ունեն ալկոհոլի հանդեպ, ամուսնալուծությունների բավականին բարձր տոկոս է դիտվում:





























