Շվեդիայում հարեւանի հնգամյա աղջկան պղծելու համար դատված տղամարդուն թույլ են տվել երեխա որդեգրել։ Իշխանության ներկայացուցիչները կարծում են, որ կրկնահանցագործություն, ըստ ամենայնի, չի լինի։
Տղամարդը, որն այժմ 60 տարեկան է, մեղավոր էր ճանաչվել 90-ից ավելի հանցագործություններում, որոնք հիմնականում մեքենայությունների հետ էին կապված։ 2004թ. նա նաեւ դատվել էր հնգամյա աղջկան պղծելու եւ դեռահասի բռնաբարության համար։
Հելսինբորգի հանրային կոմիտեի տասը ներկայացուցիչներից ինը համարել են, որ նման մարդուն կարելի է երեխա վստահել, եւ բռնության ռիսկը նվազագույն է։
Ի դեպ, տեղի իշխանությունների տվյալով՝ կոմիտեի ներկայացուցիչներին հասանելի չեն եղել փաստաթղթերը, որոնցում գրված էր տղամարդու՝ սեռական բնույթի հանցագործությունների մասին, գրում է The Local-ը։
Այժմ տղամարդը ցանկանում է պաշտոնապես ձեւակերպել տասնամյա տղայի որդեգրումը, որի մոր հետ ամուսնացել էր 2009թ։ Կինը մահացել էր հիվանդության հետեւանքով, բայց որդեգրման դիմումը նրա կենդանության օրոք էր եղել, եւ նա պաշտոնապես համաձայնություն էր տվել։ Որդեգրման համաձայնություն է ստացվել նաեւ երեխայի կենսաբանական հորից, փոխանցում է «Ռիդուսը»։




























