Կատուները սովորել են ճանաչել իրենց տերերի ձայնն ու նույնիսկ արհամարհել այն: Նման եզրակացության են եկել ճապոնացի գիտնականներ Ացուկո Սայտոն՝ Տոկիոյի համալսարանից ու Կաձուտակա Սինոձուկան՝ Հարավային Ֆլորիդայի համալսարանից:

Մասնագետները տարբեր տարիքի 20 կատուների մասնակցությամբ փորձ են անցկացրել: Օտար մարդիկ ու նրանց տերերը հերթականությամբ կանչում էին կենդանիներին մյուս սենյակից, իսկ այդ ընթացքում Ացուկոն ու Կաձուտական ուշադիր հետեւում էին տնային կենդանիների պահվածքի փոփոխություններին: Պարզվել է, 20 կատուներից 15-ն ակտիվ արձագանքում են տիրոջ կանչին, սակայն չեն շտապում նրանց մոտ: Մյուս հինգն առհասարակ ուշադրություն չեն դարձրել տիրոջ ձայնին:

Բացի այդ, հոդվածում ասվում է, որ դեռ ք.ա. 8000 տարի առաջ ընտելացված կատուներն այդպիսին են դարձել կամավոր: Տնային այդ կենդանիները փոքրիկ գիշատիչ որսորդներ են, որոնք կարող են երկար դարանակալել ու սպասել զոհին, այնպես որ նրանցից ակտիվ արձագանքի պետք չէ սպասել, հաղորդում է Informing.ru-ն:

Նշենք, որ գիտնականների հետազոտությունն ավարտվում է նկատառումով, որ իրենք այպես էլ չեն կարող հասկանալ, թե ինչու են մարդիկ այդքան սիրում կատուներին: Նրանց կարծիքով՝ հաշվի առնելով վերջիններիս պահվածքը, դրա համար օբյեկտիվ նախադրյալներ չկան: