Լեհաստանում անտառահատները սկսել են կտրել ստորգետնյա թունելի վերին հատվածի ծառերը, որտեղ, ըստ որոշ վկայությունների, գտնվում է Երրորդ Ռեյխի «ոսկե գնացքը»: Աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 15-ին:

Ռազմական փորձագետների խոսքով, անտառը հարկավոր է կտրել՝ գանձերով լի երկաթուղային կազմի մասին լուրերի հավաստիությունը ճշտելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին իրավաբանական գրասենյակի երկու հաճախորդներ դիմել էին լեհական Վալբժիխ քաղաքի իշխանություններին՝ տեղեկացնելով, որ 70 մետր խորությամբ արգելափակված գնացք են գտել: Որպես ապացույց նրանք լուսանկարներ էին ներկայացրել:

1945 թվականին Երրորդ Ռեյխի ղեկավարությունը փորձել է գերմանական Բրեսլաու քաղաքից արժեքավոր իրեր փոխադրել Բեռլին: Տեղի բնակիչները պատմել են, որ գանձերով գնացքը թունել է մտել Քսյոնժ ամրոցի մոտակայքում, սակայն այլեւս դուրս չի եկել: