Հոլանդացի լրագրող Հարալդ Դորնբոսը պատվիրել եւ Nieuwe Revu պարբերականում ցուցադրել է սիրիական անձնագիրը՝ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի լուսանկարով (որի անունը փաստաթղթում նշված է որպես Մալեք Ռամադան, իսկ ծննդավայրը՝ Դամասկոս)՝ որպես միգրանտի անվան ներքո Եվրոպայի տարածք ահաբեկիչների ներթափանցման վտանգի ապացույց:
«Սիրիական փաստաթուղթ կարող է ստանալ ցանկացած մարդ՝ առանց որեւէ դժվարության: Անձամբ ես մեկ զանգ կատարեցի եւ 40 ժամ սպասեցի: Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր հազարավոր դատարկ անձնագրեր եւ հատուկ տպիչներ զինյալների ձեռքում են հայտնվել: Եվ նրանք պատրաստ են ցանկացած լուսանկարով անձնագիր վաճառել ցանկացած անձնական տվյալներով»,- գրել է Դորնբոսը:
Ըստ Gazeta-ի, լրագրողը նշել է, որ այդպիսի փաստաթուղթը 750 եվրո արժե՝ ընդգծելով, որ «ծայրահեղականների երթուղին բոլորին է հայտնի»: Նրա խոսքով, «Իսլամական պետության» եւ «Ալ Քաիդա»-ի զինյալները Թուրքիա են ուղեւորվում այդ երկրի հյուսիսից, որտեղից Բոդրումով անցնում են Հունաստան:



























