Կոպենհագենի համալսարանի կենսաբաններին հաջողվել է գենետիկորեն մոդիֆիկացված բույս ստեղծել, որը կարող է աճել Մարսի խիստ պայմաններում։ Physcomitrella patens տեսակի մամուռը մոդիֆիկացումից հետո նոր որակներ է ստացել, որոնք կարող են օգտակար լինել Մարսը բնակեցնելու համար։

Այդ փորձարկությանը մասնակցած ուսանողները բույսը դարձրել են ցրտադիմացկուն, քանի որ Մարսի բեւեռներում գիշերները ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -153 աստիճան C, գրում է  Informing-ը։

Բացի այդ, մամուռը պետք է իրեն հարմարավետ զգա Մարսի թթվածնով աղքատ մթնոլորտում, որը 95 տոկոսով բաղկացած է ածխաթթու գազից։ Բույսը դիմանում է նաեւ բարձր ռադիացիային։

Մամուռի աճեցման համար որպես հող է ընտրվել Հավայան կղզիների ավազահողը, որն իր բաղադրությամբ առավելագույնս մոտ է Մարսի հողի բաղադրությանը։