Մյունխենում շաբաթ օրը բացվել է «Օքտոբերֆեսթ» գարեջրի խոշորագույն տոնը, որն արդեն 182-րդ անգամ է կազմակերպվում: Ավանդաբար ուղիղ կեսօրին Բավարիայի մայրաքաղաքի օբեր բուրգոմիստր Դիթեր Ռայթերը «Խցանահանված է» բացականչությամբ հատուկ մուրճի երկու հարվածով ծորակը մտցնում է թարմ եփված գարեջրով տակառի մեջ: Հենց դրանով էլ նշանավորվում է տոնակատարությունների մեկնարկը:
Կազմակերպիչները հույս ունեն, որ տոնակատարությունները, որոնք շարունակվելու են մինչեւ հոկտեմբերի 4-ը, ավելի քան 6 մլն այցելու կունենան: Այս տարի փրփրոտ գարեջրի մեկ լիտրանոց բաժակը, որն այստեղ անվանում են «մաս», արժե 10-ից 10.40 դոլար: Անցած տարվա համեմատ թանկացումը կազմել է միջինը 3.2 տոկոս: Ընդ որում ընթացիկ տարում թանկ է նաեւ ոչ ոգելից գարեջուրը. այն արժե միջինը 8.03 եվրո ( 2014 թ. միջին արժեքը 7.71 եվրո էր), իսկ ռադլերի (լիմոնադով գարեջուր) համար ստիպված են լինելու վճարել 8.78 եվրո ( 2014 թ.՝ 8.51 դոլար): Թերեզայի հովտում խփած վրանների մոտ դեռ փառատոնի բացումից առաջ երկար հերթեր էին գոյացել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
2015 թ. գարեջրի տոնը անցնում է միգրացիոն ճգնաժամի պայմաններում: Մյունխենը վերջին շաբաթներին դարձել է փախստականների համար ձգողականության գլխավոր կենտրոնը: Գլխավոր կայարանը, ուր նրանք ժամանում են, Թերեզայի հովտից այնքան էլ հեռու չէ: Այս կապակցությամբ իշխանությունները նույնիսկ ճգնաժամային շտաբ են ստեղծել, որպեսզի կանխեն հնարավոր բախումները փառատոնի ոչ սթափ այցելուների ու միգրանտների միջեւ:



























