Ավելի քան 100 նոր նկարներ են հայտնաբերվել Պերուի Նասկա հնագույն հարթավայրում եւ նրա շրջակայքում, դրանք կարող են լույս սփռել մինչկոլումբոսյան արվեստի նմուշների վրա, որոնք տասնամյակներ շարունակ շարժել են գիտնականների եւ այցելուների հետաքրքրությունը, տեղեկացրել է CNN-ը։
Դաշտային երկու տարվա հետազոտություններից հետո, աերոլուսանկարահանման եւ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, պերուացի եւ Յամագատայի համալսարանի ճապոնացի հետազոտողներն այս ամսվա սկզբին տեղեկացրել են, որ հայտնաբերել են 168 նոր նմուշներ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտում, որը գտնվում է Պերուում, Խաղաղ օվկիանոսի հարավային ափին։
Հսկայական ֆիգուրները, որոնք պատկերված են հարավամերիկյան անապատում, ավելի քան 2000 տարվա պատմություն ունեն եւ պատկերում են մարդկանց, կատուների, օձերի, թռչունների, ձկների։
Nazca Lines հետազոտական ծրագրի գլխավոր հնագետ Խորխե Օլանոն ասել է, որ նոր ֆիգուրներն ունեն միջինը 2-6 մետր երկարություն։ Դրանք գտնվում են Պերուի մայրաքաղաք Լիմայից երեք ժամ հեռավորության վրա։
Հետազոտողներն արդեն հայտնաբերել են 190 ֆիգուր 2004-ից ի վեր։ Բայց տեղանքի մեծությունը բարդացրել է դրանց ուսումնասիրությունն ու ժառանգության օբյեկտի պահպանման գործը։



























