Մեքսիկայում անվտանգության ուժերը հինգշաբթի օրը արեւմտյան նահանգում կրակոցների հանգեցրած գործողությունների ընթացքում ձերբակալել են ԱՄՆ-ի կողմից հետախուզվող, թմրանյութեր վաճառող Օվիդիո Գուսմանին, որը «Սինալոա» կարտելի նախկին ղեկավար Խոակին Էլ Չապո»Գուսմանի որդիներից մեկն է, հաղորդում է AP-ն։
Պաշտպանության նախարար Լուիս Կրենսիո Սանդովալն ասել է, որ բանակը եւ Ազգային գվարդիան կալանավորել են Էլ Չապոյի որդուն։
«Մուկ» մականունով Օվիդիո Գուսմանը Էլ Չապոյի ամենահայտնի որդիներից չի եղել մինչեւ երեք տարի առաջ նրա բռնելու օպերացիան սկսելը։ Այդ փորձը նաեւ բռնություն էր առաջացրել Կուլյականում, ինչը ի վերջո հանգեցրել էր նրան, որ նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը զինվորականներին հրամայել էր հանգիստ թողնել նրան:
Հինգշաբթի օրվա ունեցած աղմկահարույց ձերբակալությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ այն բանից, երբ Լոպես Օբրադորը երկկողմ բանակցությունների համար պետք է հյուրընկալի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որին կհաջորդի Հյուսիսային Ամերիկայի առաջնորդների գագաթաժողովը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մասնակցությամբ: Ակնկալվում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ներգաղթի հետ մեկտեղ, կլինի քննարկման հիմնական թեման:
«Սա մեծ հարված է «Սինալոա» կարտելին եւ օրենքի գերակայության մեծ հաղթանակ: Սակայն դա չի խանգարի թմրանյութերի հոսքին ԱՄՆ։ Հուսանք, որ Մեքսիկան կարտահանձնի նրան ԱՄՆ-ին»,- ասել է թմրամիջոցների դեմ պայքարի վարչության նախկին ղեկավար Մայք Վիջիլը։
Նա նշել է, որ Օվիդիո Գուսմանը ներգրավված է եղել կարտելի բոլոր գործողությունների, հատկապես՝ ֆենտանիլի արտադրության մեջ։ ԱՄՆ-ում Գուսման-կրտսերին մեղադրում են ԱՄՆ-ում կոկաին, մետամֆետամին եւ մարիխուանա տարածելու համար։
Սանդովալն ասել է, որ Գուսմանը ղեկավարել է «Սինալոա» խմբակցությունը, որը նա անվանել է «լոս մենորես» կամ «կրտսերներ», որոնք Էլ Չապոյի որդիների պատվին հայտնի են նաեւ որպես «լոս Չապիտոս»։
Արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը հաստատել է, որ 2019 թվականին Մեքսիկան ԱՄՆ-ից Գուսմանին ձերբակալելու եւ արտահանձնելու հայտ է ստացել։ Նա ասել է, որ այդ հայտը պետք է թարմացվի եւ մշակվի, բայց հավելել է, որ Գուսմանը նախ պետք է Մեքսիկայում պատասխանատվության ենթարկվի:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության հետաքննչական ծառայությունը անցյալ տարվա սկզբին 5 միլիոն դոլար պարգեւ է սահմանել Գուսմանի ձերբակալմանը եւ/կամ դատապարտմանն ուղղված տեղեկատվության համար:
Կարտելի ենթադրյալ անդամներն արձագանքել են հինգշաբթի օրվա գործողությանը` Կուլյականի բնակիչներից մեքենաներ գողանալով եւ կարտելի հենակետում մեքենաներ հրկիզելով:
Ընդհատվող կրակոցները շարունակվել են մինչեւ հինգշաբթի կեսօր Կուլյականում, մինչ Մեքսիկայի անվտանգության ուժերը շարունակել են բախումները կարտելի ավազակների հետ:
Aeromexico ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է, որ հինգշաբթի առավոտյան իր ինքնաթիռներից մեկին փամփուշտ է խոցվել, երբ այն պատրաստվելիս է եղել թռիչքի: Համացանցում տեղադրված ուղեւորների տեսանյութում երեւում է, որ մարդիկ պառկած են ինքնաթիռի հատակին: Ընկերությունից հայտնել են, որ ուղեւորներն ու անձնակազմն ապահով են:
Ավելի ուշ Մեքսիկայի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարություն է տարածել, որ Կուլյականում գտնվող ռազմաօդային ուժերի ինքնաթիռը նույնպես գնդակոծվել է: Բացի այդ, փակվել են նաեւ Լոս Մոչիսի եւ Մասաթլանի օդանավակայանները, իսկ անվտանգության նկատառումներից ելնելով բոլոր չվերթները չեղարկվել են:



























