Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Շվեդիայի գիտնականները Հնդկական օվկիանոսի հատակին զարմանալի բացահայտում են կատարել:
Նրանք օվկիանոսի հատակին՝ Մավրիկիա կղզու մոտ հնագույն Գոնդվանա սուպերմայրցամաքի մնացորդներն են հայտնաբերել: Այս մասին նշված է Nature Communications ամսագրում:
Սուպերմայրցամաքը գտնվում է ժամանակակից Հնդկաստանի եւ Մադագասկարի միջեւ: Գոնդվանայի քայքայումը սկսվել է մոտ 200 մլն տարի առաջ: Իսկ սալը, որի վրա տեղակայված էր մայրցամաքը, անհետացել է 84 մլն տարի առաջ:
Ըստ որում՝ Մավրիկիա կղզին ստեղծվել է մոտ 8-9 մլն տարի առաջ: Կղզին համարվում է մեր մոլորակի ցամաքի ամենաերիտասարդ տեղամասերից մեկը: Մասնագետները Հնդկական օվկիանոսի հատակի ապարների մեջ ցիրկոն են հայտնաբերել, որը հանդիպում է միայն մայրցամաքային կեղեւի շատ հին շերտերում:
Ռադիոիզոտոպային անալիզով պարզվել է, որ գտնված բյուրեղների տարիքը կազմում է 2,5-ից մինչեւ 3 մլրդ տարի:
Մասնագետների խոսքով՝ Մավրիկիան տառացիորեն աճել է կործանված սուպերմայրցամաքի մնացորդների վրա:
Կղզու տակ հին ապարներ կան, որոնք կարող են միայն մայրցամաքային ծագում ունենալ:
Հնագրագիտության մեջ Գոնդվանան հարավային կիսագնդում գտնված հնագույն սուպերմայրցամաք է, որն ընդգրել է Աֆրիկան, Հարավային Ամերիկան, Անտարկտիդան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, նաեւ Արաբիան, Մադագասկարը եւ Հնդկաստանը: Գոնդվանան ձեւավորվել է մինչքեմբրիի վերջին (750—530 մլն տարի առաջ) սուպերմայրցամաք Ռոդինիայի բաժանման հետեւանքով:
Գոնդվանա անունը 1885 թվականին առաջարկել է ավստրիացի գիտնական Էսուարդ Զյուսը՝ ի պատիվ հյուսիսային Հնդկաստանի Գոնդվանա շրջանի, որտեղ նկարագրվել են նստվածքային ստվարաշերտերը, որոնք հատուկ էին այդ ժամանակաշրջանին:




























