Bentley Mulliner Bacalar բաց սպորտային մեքենայից հետո, որը վերածնել է յուրահատուկ թափքով բացառիկ մոդելներ արտադրելու ավանդույթը, բրիտանական ավտոարտադրողը ներկայացրել է ձեռքով պատրաստված նոր մեքենա՝ Bentley Mulliner Batur կուպեն: Ապրանքանիշի ամենահզոր սերիական մեքենան կարտադրվի 18 միավոր քանակով։ Ըստ բրիտանական ավտոարտադրողի՝ սուպերքարի առանձնահատկություններից մեկը սրահի մաքուր ոսկուց մասերն են՝ 3D տպիչով տպագրված, գրել է Motor-ը։
Ոսկուց կպատրաստվի Charisma Dial անջատիչը, որը շրջապատում է շարժիչի միացման կոճակը, որի օգնությամբ վարորդը ընտրում է ուժային սարքավորման աշխատանքի ռեժիմները, ինչպես նաեւ թանկարժեք մետաղը կօգտագործեն օդափոխման համակարգը կարգավորող Organ Stop տարրերի դեկորի համար, եւ բացի այդ՝ ոսկով կպատվի ղեկի վրա «զրոյական» նշանը:
Նախագծում գործընկեր է դարձել Heirmerle+ Meule Group-ի կազմի մեջ մտնող Cooksongold ընկերությունը՝ բրիտանական Բիրմինգհեմի ոսկերչական թաղամասից, որտեղ ոսկերչական իրեր են պատրաստվել դարեր շարունակ: Հին զարդերից ստացված ողջ ոսկին վերածվում է մանր փոշու, որն անհրաժեշտ է 3D տպագրության տեխնոլոգիայի համար։ Այնուհետեւ ստեղծվում է թվային մոդել, որի հիման վրա հավելումների տեխնոլոգիաների կիրառմամբ ստացվում է մինչեւ 210 գրամ 18 կարատանոց դեղին ոսկի պարունակող մաս։
Ոսկե Charisma Dial-ներից յուրաքանչյուրը պատրաստում է ձեռքով՝ հմուտ արհեստավոր ոսկերիչների կողմից, որոնք օգտագործում են ավանդական ոսկերչական տեխնիկան: Batur-ի համար արտադրված բոլոր մասերը կրում են Birmingham Jewellery Quarter-ի դրոշմը՝ որպես նյութի իսկության նշան: Բացի այդ, 2022 թվականին արտադրված ցանկացած զարդ նաեւ կստանա հոբելյանական նշան՝ ի պատիվ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի պլատինե հոբելյանի:





























