Հունաստանի կառավարությունը կսկսի «Կանաչ տաքսի» ծրագիրը՝ 2000 հին մեքենաները էլեկտրական մեքենաներով փոխարինելու համար։ Տաքսիների սեփականատերերը կկարողանան սուբսիդիա ստանալ՝ նոր տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար, հայտնել է հանրապետության Շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նախարարությունը։
Ծրագրին մասնակցության համար հայտերն ընդունվում են 2023 թվականի հունվարի 9-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 40 միլիոն եվրո, միջոցները ստացվում են Վերականգնման եւ կայունության հիմնադրամից։ Իշխանություններն ակնկալում են, որ ծրագիրը կօգնի էլեկտրիֆիկացնել տաքսիների պարկը Հունաստանում՝ աղտոտող արտանետումներով հին մեքենաները փոխարինելով լիովին էլեկտրական մեքենաներով:
Սուբսիդիան կկազմի նոր տրանսպորտի արժեքի 40 տոկոսը՝ 17,5 հազար եվրո առավելագույն չափով։ Հին մեքենայի պարտադիր առգրավման համար առանձին կվճարվի հինգ հազար եվրո։ Սուբսիդիայի չափը կավելանա հազար եվրոյով, եթե մեքենայի սեփականատերը լինի հաշմանդամ, բազմազավակ ծնող կամ մինչեւ 29 տարեկան քաղաքացի։





























