Գերմանացի հայտնի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը մահացել է 96 տարեկանում։ Այս մասին տեղեկացրել է Suhrkamp Verlag հրատարակչական տունը՝ հղում կատարելով նրա ազգականներին։ Նրա տվյալներով՝ Հաբերմասը վախճանվել է շաբաթ օրը, մարտի 14-ին, Բավարիայի Շտարնբերգ քաղաքում։
Յուրգեն Հաբերմասը 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ քաղաքական եւ սոցիալական մտածողներից մեկն է, կոմունիկատիվ գործողության եւ դիսկուրսի էթիկայի հասկացությունների ստեղծողը: Նա պատկանում է հայտնի ֆրանկֆուրտյան դպրոցի տեսաբանների երկրորդ սերնդին, որը նեոմարքսիզմի ճյուղ է եւ քննադատում է ժամանակակից հասարակությունը:
Տասնամյակներ շարունակ փիլիսոփան մասնակցել է կարեւոր սոցիալական եւ քաղաքական բանավեճերի:
Հաբերմասը ծնվել է 1929թ․ հունիսի 18-ին Դյուսելդորֆում: Նա Գյոթինգենում, Ցյուրիխում եւ Բոննում սովորել է փիլիսոփայություն, պատմություն, հոգեբանություն, գերմանական գրականություն եւ տնտեսագիտություն: Դեռեւս ուսանողական տարիներին հոդվածներ է գրել տարբեր թերթերի եւ ամսագրերի համար: Դոկտորի կոչում ստանալուց հետո շարունակել է աշխատել որպես արտահաստիքային լրագրող, գրել է «Немецкая волна»-ն:
1962թ․ հրատարակվել է նրա դոկտորական ատենախոսությունը՝ «Հասարակայնության կառուցվածքային փոփոխությունները» (Strukturwandel der Öffentlichkeit): Հաբերմասի հիմնական աշխատանքը համարվում է նրա 1981թ․ գրած «Կոմունիկատիվ գործողության տեսությունը» (Theorie des kommunikativen Handelns) գիրքը, որտեղ զարգացրել է իր գաղափարները ժողովրդավարական հասարակություններում ռացիոնալ երկխոսության դերի վերաբերյալ։
Յուրգեն Հաբերմասը փիլիսոփայություն եւ սոցիոլոգիա է դասավանդել Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանում: Իր լայնածավալ գործունեության, այդ թվում՝ միջազգային, ինչպես նաեւ ժողովրդավարությանն ու հանրային գիտակցությանը նվիրվածության համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Թեոդոր Ադորնոյի մրցանակի, Հանս եւ Սոֆի Շոլլերի անվան գրական մրցանակի, Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակի եւ Կիոտոյի մրցանակի:




























