Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմում է հայ-վրացական փոխհարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:

Պարոն դեսպան, արդեն մեկուկես տարի է, ինչ Դուք Վրաստանում ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը: Ներկայացրեք, խնդրեմ, հարեւան Վրաստանում հայաստանյան դիվանագիտական առաքելության առաջնահերթությունները: Ձեր կարծիքով, ի՞նչ է առաջին հերթին բնորոշ երկկողմ փոխհարաբերություններին:

Վրաստանում ՀՀ դեսպանությունն ունի մեկ առաջնահերթություն` հնարավորինս աջակցել մեր երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի զարգացմանն ու խորացմանը: Վրաստանը չափազանց մեծ դեր է խաղում մեր երկրի համար ազգային եւ տնտեսական անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության պահպանման հարցերում: Մեր համագործակցության շրջանակներում չկան առավել կամ քիչ կարեւոր բնագավառներ: Վրաստանը միշտ եղել է եւ կմնա Հայաստանի համար ռազմավարական գործընկեր: Դարեր շարունակ մենք միասին կերտել ենք բարեկամական եւ բարիդրացիական հիմունքների վրա խարսխված ազգամիջյան եւ միջպետական հարաբերությունների կառուցվածքը: Նման պարագայում դժվար է տարանջատել իրարից քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտների կուռ միասնությունը: Անշուշտ, ժամանակի ընթացքում մեր երկկողմ հարաբերություններում լինում են որոշ անհարթություններ կամ ստեղծվում խնդրահարույց իրավիճակներ, սակայն վերջիններս կարգավորելու համար մեր երկրների ղեկավարությունները միշտ պատրաստ են ցուցաբերել քաղաքական բարի կամք եւ պատրաստականություն լուծելու յուրաքանչյուր խնդիր փոխզիջումային տարբերակով: Պատահական չէ, որ երկուստեք ամենաբարձր մակարդակով հայտարարվել եւ ամրագրվել է` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, բարի կամքի դրսեւորման շնորհիվ:

Կուզենայի նշել հատկապես մեր հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը վերջին տարիների ընթացքում: Միայն 2014 եւ 2015թթ. տարբեր մակարդակների պաշտոնական եւ աշխատանքային փոխայցելությունների թիվը գերազանցել է 50-ը: Ուստի, քաղաքական երկխոսության նման բարենպաստ պայմաններում հետեւողականորեն ձեւավորվում են տնտեսական եւ հումանիտար գործընկերության նոր ծրագրեր ու հստակ ուղղություններ, կարգավորվում են  հայ-վրացական սահմանային կետերի եւ Վերին Լարսի անցակետի արդիականացման, Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման, Վրաստանում  հայկական մշակութային հուշարձանների պահպանման եւ այլ բազմաբովանդակ խնդիրներ:

Որպես նախորդ հարցի շարունակություն: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեռ 2013թ. հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել «Վրաստանի ու Հայաստանի համագործակցության զարգացման ահռելի ներուժը եւ գործակցության համար ընտրել բազմաոլորտ նոր ռազմավարություն»: Ձեր գնահատմամբ, որքանո՞վ լիարժեք են այսօր կողմերը օգտագործում համագործակցության ողջ ներուժը:

Համամիտ եմ պարոն Իվանիշվիլիի կարծիքի հետ, սակայն կուզենայի շեշտել, որ երկկողմ միջնա- եւ երկարաժամկետ ռազմավարության մշակումը իրականացվում է հատուկ մեխանիզմների աջակցությամբ: Ստեղծվում են տարբեր ձեւաչափի առանձնակի մարմիններ, որոնք համակարգում են բարձր մակարդակների վրա ձեռքբերված երկկողմ համաձայնությունները` հագեցնելով վերջիններս գործողությունների մանրակրկիտ ու հստակ ծրագրերով եւ իրավապայմանագրային կմախքով: Մեր բարեկամական երկրների միջեւ գործում են տարբեր աշխատանքային հանձնաժողովներ, խմբեր, որոնց գործունեության շնորհիվ մեր երկրները հաջողությամբ իրականացնում են միջպետական համագործակցության առանձին նախագծերը: Սակայն այս մարմինների շրջանակում կարեւորագույն տեղ է զբաղեցնում  Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: Այն ձեւավորվել է    1997թ. եւ պարբերաբար անցկացվող նիստերի ընթացքում համակարգում է երկկողմ առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտի գերատեսչությունների փոխգործակցությունը` միեւնույն ժամանակ նախանշելով տնտեսական եւ այլ բնագավարների հարաբերությունների հետագա ռազմավարությունն ու մարտավարությունը:

Հարկ է նշել, որ սույն հանձնաժողովի վերջին 9-րդ նիստը գումարվել է դեռ 2011թ.-ին: Հայտնի է, որ 2012թ. աշնանը Վրաստանում ծավալված քաղաքական իրադարձությունները հանգեցրել են խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի համոզիչ հաղթանակին: Այնուհետեւ Վրաստանում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ: Այս շրջանում  վաղաժամ էր գումարել հայ-վրացական միջկառավարական 10-րդ նիստը: Սակայն 2014թ., Վրաստանում կայացած տեղական իշխանությունների ընտրություններից հետո, հիմնականում ավարտվել է Վրաստանի քաղաքական բարեփոխումների շրջանը եւ ակտիվացել է հայ-վրացական բանակցային գործընթացը` 10-րդ նիստի գումարման առնչությամբ: Սույն գործընթացին նպաստել է նաեւ Առեւտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը, որի առաջին երկու հանդիպումները կայացել են 2014թ. մարտին եւ դեկտեմբերին: Հիշյալ հանդիպումները լավ նախադրյալներ են ստեղծել 10-րդ նիստի կազմակերպչական աշխատանքների համար: 2016թ.-ին նախատեսվում է Առեւտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, հստակեցվելու են հերթական նիստի գումարման ժամկետները:

Համոզված եմ, որ 10-րդ նիստի ընթացքում կողմերը մանրամասն կքննարկեն մեր համագործակցության առանցքային ուղղությունները եւ լիարժեք կօգտագործեն երկկողմ համագործակցության ահռելի ներուժը` կիրառելով նոր մոտեցումներ եւ ինքնօրինակ մեխանիզմներ:

Հայաստանը եւ Վրաստանը ներգրավված են տարբեր ինտեգրացիոն նախագծերում, եւ երկրների արտաքին քաղաքական ուղղվածությունները տարբեր են. Հայաստանը դարձել է ԵՏՄ-ի անդամ եւ հանդիսանում է ՀԱԽԿ ամենաակտիվ մասնակիցներից մեկը, մինչդեռ Վրաստանը ստորագրել է  ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը եւ մտադիր է դառնալ ՆԱՏՕ-Ի անդամ: Որքանո՞վ է այդ հանգամանքը ազդում երկկողմ հարաբերությունների վրա:

Կուզենայի հիշեցնել, որ մեր երկիրը մինչ օրս շարունակում է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ, եւ մենք բարձր ենք գնահատում եվրոպական գործընկերների ներդրումը Հայաստանում քաղաքացիական հասարակության կերտման եւ ժողովրդավարության զարգացման գործում:  Հարկ է նաեւ նշել, որ ՀՀ եւ Եվրամիության միջեւ գործում է GSP+ արտոնյալ առեւտրի ռեժիմը եւ ԵՄ-ի հետ նախատեսվում է նոր փաստաթղթի ստորագրում: Դրանից զատ, ես իմ էությամբ լավատես եմ եւ հուսով եմ, որ դիմակայության գծերը Եվրոպայում անցողիկ են, իսկ համագործակցությունը՝ հավերժ:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հետագա տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ապա կողմերը ի սկզբանե նախատեսել են, որ մեր միջպետական հարաբերությունների համալիրը շարունակելու է իր բնական եւ արդյունավետ զարգացումը նոր պայմաններում: Կարեւոր է, որ  ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը պահպանել է Վրաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմը: Կուզենայի նաեւ հավելել, որ մի շարք փորձագետների գնահատմամբ անդամակցությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներին ստեղծելու է մեր երկների համար արտոնյալ մուտք ինչպես ԵՄ, այդպես էլ ԵԱՏՄ շուկաներ:

Նախորդ տարեվերջ Երեւանում կայացավ Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը, որի շրջանակում ստորագրվել է տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ քառակողմ հուշագիր: Կմանրամասնեք մի փոքր ի՞նչ է այն ենթադրում եւ ի՞նչ ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործման վրա:

Կարելի է միայն ողջունել այս հեռանկարային քայլը, որն անշուշտ զգալիորեն  նպաստելու է տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը: Սույն փաստաթղթի դրույթները նախատեսում են էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացում` զգալիորեն հզորացնելով միացյալ էներգետիկական համակարգի աշխարհագրությունը եւ, բնականաբար, հնարավորությունները: Միեւնույն ժամանակ, այս քառակողմ ձեւաչափում կարող են ստեղծվել գործնական նախադրյալներ՝ տարածելու սույն համագործակցությունն այլ զուգընթաց ոլորտների (էներգետիկ այլ ռեսուրսների օգտագործման) վրա:

Դրանից զատ, նման գործընկերության արդյունքում բարենպաստ պայմաններ են ստեղծվում երկկողմ համագործակցության աշխուժացման համար: Այդպես, ՀՀ էներգետիկայի նախարարի հայտարարության համաձայն, փաստաթղթի  շրջանակներում մինչեւ 2018թ. ծրագրավորվում է շահագործման հանձնել 400/500 կՎտ Հայաստան-Վրաստան բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանը: Արդյունքում, ստեղծվելու է հնարավորություն՝ ապահովելու ՀՀ եւ Վրաստանի էներգետիկ համակարգերի սինխրոն աշխատանքը:

Պարոն դեսպան, ի՞նչ եք կարծում, Իրանի դեմ պատժամիջոցների վերացման պայմաններում կարո՞ղ են կյանքի կոչել Իրանի ու Վրաստանի գաղափարները` կապված Հայաստանի տարածքով էլեկտրականության վաճառքի հետ, մանավանդ հաշվի առնելով, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ասում էր, որ «տարանցիկ միջանցքի հարավային  ուղղությունը շատ հետաքրքիր ու հեռանկարային կլինի, եթե ստեղծվի անհրաժեշտ իրավական դաշտ»:

Մենք վերստին անդրադառնում ենք նախորդ հարցին: Իմ կարծիքով, էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ քառակողմ հուշագիրը իրական պայմաններ է ստեղծում Հայաստանի տարածքում տարանցիկ էներգետիկ միջանցք, “hub” հիմնադրելու  ուղղությամբ: Այլ պարագայում դժվար է իրագործել փաստաթղթի հեռանկարային ծրագրերը: Հայաստանի աշխարհագրական դիրքը, որի շնորհիվ մեր երկիրը փաստորեն հանդիսանում է կապող օղակ փաստաթուղթը ստորագրած կողմերի միջեւ,  հետեւողականորեն հանգեցնում է նման գաղափարին:

Երբ խոսքը գնում է բիզնեսի մասին,ապա հաճախ կարծիքներ են հնչում, որ Վրաստանի եւ Հայաստանի բիզնես-հատվածներն ունեն մեծ հնարավորություններ, որոնք ամբողջությամբ չեն օգտագործվում: Ի՞նչ խոչընդոտներ կան այս հարցում:

Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական համակարգերում կիրառվում են շուկայական սկզբունքներ ու մեխանիզմներ, ուստի պետության միջամտությունը գործարար ոլորտ ունի սահմանափակ եւ միջնորդավորված բնույթ: Գործարար շրջանակը խրախուսելու համար պետությունը կարող է իրագործել համապատասխան հարկային քաղաքականություն, մշակել եւ ընդունել բիզնես գործընթացները սահմանող բարենպաստ իրավական ակտեր եւ այլն: Նման պարագայում մենք վերստին անդրադարձ ենք կատարելու հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Կայանալիք 10-րդ նիստի ժամանակ անշուշտ կքննարկվեն հարցեր, որոնք կապված են Հայաստանի եւ Վրաստանի բիզնես-հատվածների հնարավորությունների արդյունավետ օգտագործման հետ: Ամենայն հավանականությամբ, մեր երկների գործարարների համագործակցության ընթացքում հասունացել է այն շրջանը, երբ անհրաժեշտ է վերանայել գործող ֆինանսական մեխանիզմները եւ համալրել բիզնեսին վերաբերող երկկողմ իրավապայմանագրային դաշտը: Անկասկած, պետք է նաեւ ակտիվացնել եւ համաձայնեցնել Արեւտրա-արդյունաբերական պալատի, Հայաստանի  արդյունաբերողների եւ գործարարների միության եւ այլ բիզնեսին նպաստող կազմակերպությունների գործունեությունը:

2014թ.-ի դեկտեմբերին այցելեցիք Ջավախք: Որո՞նք են այդ շրջանում բնակվող հայերի գլխավոր խնդիրները եւ ի՞նչ լուծում են դռանք ստանում:

Նախ եւ առաջ, կուզենայի նշել, որ ես հիացած եմ ջավախահայության ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակով, նվիրվածությամբ հայկական ավանդույթներին եւ ապրելակերպին: Միեւնույն ժամանակ, նրանք պահպանում են իրենց հավատարմությունը Վրաստանին՝ հնարավորինս աջակցելով երկրամասի շենացմանը եւ հարգելով եղբայր վրաց ժողովրդի ավանդույթներն ու մշակույթը:

Ինչ վերաբերում է երկրամասի տնտեսական իրավիճակին, ապա այն սկզբունքորեն չի տարբերվում Վրաստանի այլ դեպրեսիվ գյուղատնտեսական տարածաշրջաններից: Ավելին, վերջին տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները Ջավախքում կատարում են զգալի ներդրումներ սոցիալական եւ տրանսպորտային ենթակառուցվածքը զարգացնելու նպատակով: Միջկառավարական մակարդակով ՀՀ եւ Վրաստանի միջեւ գործում են համատեղ տնտեսական նախագծեր` կապված Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետ: Օրինակի համար կարելի է նշել համատեղ հայ-վրացական ձեռնարկությունը, որը կառուցում է Աշոցք-Նինոծմինդա 110 կվտ էլեկտրահաղորդակցման գիծը:

Այնուամենայնիվ, ինչպես Վրաստանի այլ գյուղատնտեսական շրջաններում, այս երկրամասում նույնպես պահպանվում է գործազրկության բարձր մակարդակ, զգացվում է ժամանակակից բժշկական մատակարարման կարիքը: Դրանից զատ, առկա են խնդիրներ՝ կապված հայկական մշակութային եւ կրոնական հուշարձանների պահպանման եւ իրագործման հետ:

Հարկ է նաեւ հավելել, որ հայ բնակչության ընդգրկվածությունը երկրամասի վարչական մարմիններում զգալիորեն ցածր է, սակայն այս պարագայում ես խորհուրդ կտայի մեր հայրենակիցներին ջանասիրաբար ուսումնասիրել վրացերեն լեզուն: Պետական լեզվի իմացությունը բացելու է ջավախահայության դեմ տեղական եւ կենտրոնական իշխանական կառույցների դռները՝ էլ ավելի նպաստելով երկրամասի խնդիրների լուծմանը եւ հայ-վրացական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը:

Ձեր կարծիքով, ի՞նչ դեր է խաղում վիրահայ համայնքը վրաց ներքաղաքական կյանքում, որքանո՞վ է այն ինտեգրված երկրի հասարակական կյանքում եւ միաժամանակ ի՞նչ դերակատարություն ունի երկկողմ հարաբերությունների համատեքստում:

Վրաստանի ներքաղաքական կյանքում վիրահայ համայնքի ազդեցությունը ներկայումս բավականին ցածր է: Մոտ 300 հազար մարդ կազմող համայնքը ներկայացված է Վրաստանի խորհրդարանում 3 հայ պատգամավորներով: Ուստի, վիրահայ համայնքի լոբբիստական գործունեության հնարավորությունները երկրում աննշան են:

Վիրահայերի դերը Վրաստանում մեծապես պայմանավորված է երկրի աշխարհագրական առանձնահատկություններով: Եթե Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիի մի շարք հայ գյուղերում հայկական գործոնը ազդեցիկ է, ապա Թբիլիսիում այն սկսում է նվազել: Ինչ վերաբերում է Վրաստանի այլ տարածաշրջաններին, ապա հայերի ազդեցությունը նրանցում չնչին է: Ընդ որում, Վրաստանում գործում է հայկական հասարական կազմակերպությունների ստվար համակարգ (մոտ 100 կառույց), սակայն, ցավոք, նրանք հիմնականում գործում են  տարանջատված:

Վիրահայերի ինտեգրվածությունը հասարակական կյանքում բարձր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, բացառությամբ Ջավախքի, հայերը լավ են տիրապետում վրացերեն լեզվին: Քաղաքներում նրանք հիմնականում ընդգրկված են առեւտրի եւ սպասարկման բնագավառներում, իսկ ագրարային տարածաշրջաններում՝ գյուղատնտեսության ոլորտում:

Վիրահայերի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում մեծապես կախված է համայնքի համախմբվածությունից:  Դեսպանությունը` Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի աջակցությամբ, տանում է բազմաբնույթ աշխատանք վիրաhայ համայնքների համախմբման, համայնքային կազմակերպությունների գործունեության աշխուժացման եւ հեղինակության բարձրացման ուղղությամբ:

Կուզենայի նաեւ հավելել, որ Վրաստանի հայկական հասարարական  կազմակերպություներից ակտիվ հայանպաստ գործունեությամբ աչքի են ընկնում Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, Թբիլիսիի հայալեզու «Վրաստան» թերթը, Ջավախքի ստվար կազմակերպություններն ու թերթերը, «Վերնատուն» տարեգիրքը, Թբիլիսիի եւ Աջարիայի հայերի միությունը, մի շարք ստեղծագործական միավորումներ եւ երիտասարդական կազմակերպություններ:

Մեր այս հարցն ուղղում ենք բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Իմ պաշտոնավարման ընթացքում համոզվեցի, որ դիվանագետին բնորոշ արժեքների լուսապատկերում առաջնային տեղ է զբաղեցնում հայրենասիրությունը: Դա է այն կուռ հիմքը, որը բնութագրում է դիվանագետին անհրաժեշտ մյուս հատկությունները: Անշուշ, շատ կարեւոր են նաեւ բարձր կրթվածությունն ու լայն մտահորիզոնը, սկզբունքայնությունը եւ, միեւնույն ժամանակ, խելամտորեն փոխզիջումների գնալու պատրաստականությունը, խստապահանջությունն ու ճկունությունը:

Յուրի Վարդանյան

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծննդյան թիվն ու վայրը՝  13 հունիսի, 1956թ., ք. Լենինական (Գյումրի)

Կրթությունը՝ բարձրագույն

•         1974-1980թթ.   Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետականմանկավարժական ինստիտուտ

•         1984-1987թթ.  Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ

Աշխատանքային գործունեությունը

•         1985-1990թթ. – ՀՍՍՀ Գերագույն Սովետի 10-րդ եւ 11-րդ գումարման պատգամավոր

•         1986-1988թթ. – Լենինականի արհմիությունների մարզական ընկերությաննախագահ

•         1989-1991թթ. – Արհմիութենական սպորտընկերությունների հանրապետական խորհրդի  նախագահ

•         1991-1993թթ. – ԱՄՆ-ի ծանրամարտի հավաքականի   

      խորհրդատու-մարզիչ

•         1994-1997թթ. – ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Չիկագոբուլս» թիմի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչ

•         1998-2002թթ. – Գյումրիի հայրենակցական միության նախագահ

•         2003-2008թթ. – Կալիֆորնիայի Հայերի միության նախագահ

•         2009-2013թթ. - ՀՀ նախագահի խորհրդական

•         2013-2014 - ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար

•         2014թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Պարգեւներ եւ կոչումներ

•         Երեւանի տնտեսա-իրավաբանական ինստիտուտի պրոֆեսոր

•         Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր

•        Պարգեւատրվել է ԽՍՀՄ «Լենինի», «Աշխատանքային կարմիր դրոշի», ՀՀ«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ  ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով

•        ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

•        Աշխարհի 43 ռեկորդների հեղինակ, Եվրոպայի 8-ակի, աշխարհի 9-ակի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն:

 Օտար լեզուներ

•         Ռուսերեն

•         Անգլերեն

1979-1983թթ. ծառայել է Խորհրդային բանակում

Ամուսնացած է, ունի երեք որդի

 

Զրույց դեսպանի հետ. Ֆադեյ Չարչօղլյան

Զրույց դեսպանի հետ. Ռաիսա Վարդանյան

Զրույց դեսպանի հետ. Արտակ Ապիտոնյան

Զրուց դեսպանի հետ. Աշոտ Սմբատյան

Զրույց դեսպանի հետ. Տիգրան Սեյրանյան

Զրույց դեսպանի հետ. Միքայել Մինասյան

Զրույց դեսպանի հետ. Օլեգ Եսայան

Զրույց դեսպանի հետ. Արշակ Փոլադյան

Զրույց դեսպանի հետ. Համլետ Գասպարյան

Զրույց դեսպանի հետ. Արմեն Սարգսյան

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանի հետ. Տիգրան Գեւորգյան

Զրույցդեսպանի հետ. Հրանտ Պողոսյան

Զրույցդեսպանի հետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույցդեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույցդեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան